Կալիֆորնիայի Իրվայն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կտեղադրվի

01 Նոյեմբերի 2024, 10:05

Մշակույթ

Կալիֆորնիայի Իրվայն քաղաքի խորհուրդը հավանություն է տվել քաղաքի Մեծ այգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախնական նախագծին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) Օրենջ շրջանի մասնաճյուղը։

Դա կլինի տարածքում առաջին հուշարձանը, որը կանգնեցվել է 1915-1923 թվականների ցեղասպանության ժամանակ զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին: Հաստատված նախագիծը խորհրդանշում է հայ ժողովրդի և՛ խորը կորուստը, և՛ մնայուն հույսը:

Հուշահամալիրի կենտրոնում զավակին գրկած մոր քանդակն է, որն անձնավորում է համառությունն ու կյանքի շարունակությունը՝ չնայած անչափելի տառապանքին: Հուշարձանը կներառի նաև մշակութային նշանակություն ունեցող տարրեր՝ կարոտը խորհրդանշող կռունկ և Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանիշ անմոռուկը։

«Սա մեծ ձեռքբերում է մեր համայնքի համար, և մենք խորապես երախտապարտ ենք Իրվայն քաղաքի խորհրդին և քաղաքային խորհրդին իրենց աջակցության համար», — ասել է հուշարձանների կոմիտեի նախագահ Կև Աբազաջյանը,- «Այս հուշարձանը մնալու է որպես հայ ժողովրդի տոկունության մնայուն վկայություն և ապագա սերունդների համար կծառայի որպես մտորումների ու լուսավորության վայր»:

Ծրագրի ընդհանուր բյուջեն գնահատվում է 600-900 հազար դոլար, բոլոր ծախսերը պետք է ֆինանսավորվեն կոմիտեի կողմից հավաքագրված նվիրատվություններից: Դրամահավաքը կիրականացվի երեք տարվա ընթացքում: