Կամ չեն ուզում, կամ իրենց ձեռնտու է. Գառնիկ Դանիելյանը՝ հայ-վրացական հարաբերությունների և արտահանման խնդիրների մասին
24 Փետրվարի 2026, 16:30
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է հայ-վրացական հարաբերությունների ներկայիս վիճակին՝ դրանք դիտարկելով տնտեսվարողների համար առաջացող մարտահրավերների համատեքստում։
Պատգամավորի խոսքով՝ թեև իրավիճակի ամբողջական պատկերը դեռևս պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանի և Վրաստանի ավանդաբար բարեկամական հարաբերությունները ներկայումս գտնվում են բարդ փուլում, ինչը արտահայտվում է նաև տնտեսական ոլորտում պարբերաբար առաջացող խոչընդոտներով։
«Իմ ենթադրությամբ՝ հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը պայմանավորած է իշխանությունների սխալ և անհեռատես քաղաքականությամբ։ Հայաստան-Վրաստան ավանդաբար բարեկամական գործընկերային հարաբերությունները հիմա լավ օրեր չեն ապրում, և նման դեպքերը պարբերաբար խնդիրներ են առաջացնում Վրաստանի Հանրապետությունում»,- ասել է նա։
Գառնիկ Դանիելյանը նշել է, որ խնդիրները վերաբերում են ալկոհոլային խմիչքների, գյուղմթերքի և այլ ապրանքների արտահանման ու ներմուծման գործընթացներին, ինչպես նաև հեղուկ գազի ոլորտում պարբերաբար առաջացող դժվարություններին։
Հիշեցնենք, որ Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը հատած հայկական բեռնատարների վարորդներին փետրվարի 12-ից թույլ չեն տալիս ուղևորվել Հայաստան։
Մանրամասները՝ տեսանյութում: