Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

17 Հուլիսի 2023, 12:09

Սպորտ

Ղրղզստանի Կարա-Բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի է ունեցել EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ նախատեսված էր, որ հայ մարզիկ Կամո Ունանյանը պետք է մենամարտեր բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։

Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվել է մենամարտել Ունանյանի հետ։ Վերջին պահին կազմակերպիչները Ունանյանի համար գտել են նոր հակառակորդ։ Հայաստանի կարատեի միությունից հայտնում են, որ EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում Կամո Ունանյանը մրցել է Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։

Մենամարտը տևել է ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի է ենթարկել Էմիրլանովին:

Մենամարտից հետո Կամո Ունանյանը հայտարարել է, որ իր հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ MMA մարձաձևում սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 3 հաղթանակ ու ոչ մի պարտություն։