Կամուրջ մշակույթների և պետությունների միջև. Էդվարդ Ջերեջյան
06 Մարտի 2026, 22:00
Էդվարդ Փիթեր Ջերեջյանը ամերիկահայ ականավոր դիվանագետ է, որի կարիերան դարձել է պետական ծառայության օրինակ և միջազգային բարդ հարաբերություններում հավասարակշռություն գտնելու վարպետության դրսևորում:
Ծնվել է Նյու Յորքում: 1960 թվականին ավարտել է Ջորջթաունի համալսարանը և անցել դիվանագիտական ծառայության։ Ավելի քան երեք տասնամյակ իր փորձով ու նվիրումով ծառայել է երկրին՝ աշխատելով Ջոն Քենեդիի վարչակազմից մինչև Բիլ Քլինթոնի նախագահության տարիները։
1962 թվականից սկսած Ջերեջյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պետդեպարտամենտում և արտերկրում: Նա աշխատել է որպես քաղաքական հարցերով աշխատակից Լիբանանում և Մարոկկոյում, եղել է Բորդոյի գլխավոր հյուպատոսը և Հորդանանում առաքելության ղեկավարի տեղակալը: Փորձն ու լեզուների՝ արաբերենի, հայերենի, ֆրանսերենի և ռուսերենի իմացությունը թույլ են տվել նրան արդյունավետ բանակցություններ վարել և հասկանալ տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունները:
Նրա կարիերայի կարևոր փուլերից են ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնները Սիրիայում և Իսրայելում։ Այս երկրներում Ջերեջյանը բախվել է ժամանակակից աշխարհի ամենաբարդ հակամարտություններին, իսկ նրա դիվանագիտական աշխատանքը նպաստել է երկխոսության խորացմանը և փոխզիջումների որոնմանը։ 1991-1993 թվականներին նա զբաղեցրել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ պետական քարտուղարի օգնականի պաշտոնը՝ նշանակալի դեր ունենալով տարածաշրջանային քաղաքականության ձևավորման մեջ։
1985-1986 թվականներին Ջերեջյանը եղել է նախագահ Ռոնալդ Ռեյգանի հատուկ օգնականը, այնուհետև՝ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ։ Նրա վերլուծական մոտեցումը և տարածաշրջանային գործընթացների խորը ըմբռնումը դարձրել են նրան Մերձավոր Արևելքի քաղաքականության առաջատար փորձագետներից մեկը:
Դիվանագիտական ծառայությունն ավարտելուց հետո Ջերեջյանը շարունակել է ակտիվ գործունեությունը ակադեմիական և կորպորատիվ ոլորտներում: Նա գլխավորել է «Occidental Petroleum Corporation»-ի տնօրենների խորհուրդը, ինչպես նաև զբաղվել է հետազոտական և դասախոսական աշխատանքով: 2008 թվականին նա հրատարակել է «ԱՄՆ դեսպանի ճանապարհորդությունը Մերձավոր Արևելքով» գիրքը, որտեղ կիսվել է իր փորձով և տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ հայացքներով:
Իր ծառայության համար Ջերեջյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Նախագահական մրցանակի՝ ակնառու ծառայությունների համար և Ռայսի համալսարանի շրջանավարտների ասոցիացիայի Ոսկե մեդալի: 2011 թվականին նա դարձել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ինչը հանդիսացել է նրա ավանդի ճանաչումը ոչ միայն դիվանագիտության, այլև հասարակական մտքի զարգացման գործում:
Էդվարդ Ջերեջյանը կարողացել է դիվանագիտության շնորհիվ դառնալ կամուրջ մշակույթների և պետությունների միջև: Նրա հայկական ծագումը, լեզուների իմացությունը և երկխոսության կարողությունը դարձրել են նրան եզակի դիվանագետ, որը նշանակալի դեր է խաղացել միջազգային հարաբերություններում։ Նրա կյանքն ու մասնագիտական ուղին օրինակ են, թե ինչպես կարող են անձնական նվիրումն ու մասնագիտական հմտությունները փոխել պատմության ընթացքը: