Կանադացի պատգամավորները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը

30 Հունիսի 2023, 15:09

Քաղաքականություն

Կանադա-Արցախ պատգամավորական բարեկամության խմբի համանախագահներ Ռեյչել Թոմասը և սենատոր Լեո Հուսակոսը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են Ադրբեջանին վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը:

Հայտարարության մեջ ասված է.

«Դեկտեմբերի 12-ից ադրբեջանական ուժերը շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Շրջափակումն առաջացրել է լուրջ մարդասիրական հետևանքներ: 2020-ից հետո Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ հայտնվել է ճգնաժամի մեջ:

Սննդի սուր պակասը, վառելիքի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարումների խափանումները, արտաքին աշխարհի հետ կապի խզման հետ, ավելի են խորացրել ճգնաժամը: Շատերի, այդ թվում՝ երեխաների և մեծահասակների, թերսնման խնդիր է առաջացել: Բժշկական հաստատություններում դեղորայքի պակաս կա, պլանային վիրահատությունները հետաձգվում են:

Դպրոցներն ու ինստիտուտները փակման եզրին են, ձեռնարկությունների փակումը մարդկանց զրկում է ապրուստի միջոցից: Շարունակվող շրջափակումը խոչընդոտում է բանակցությունների անցկացմանը: Մենք կոչ ենք անում խաղաղ ճանապարհով վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու անմիջապես բացել Լաչինի միջանցքը»: