Կանադահայ համայնքի վերջին 45 տարվա պատմությունն ամփոփված է «Հորիզոն»-ի արխիվներում. Գարագաշյան
18 Մարտի 2025, 18:00
«Հորիզոն» շաբաթաթերթը հիմնվել է հայ համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը:
««Հորիզոն» շաբաթաթերթը հիմնվել է 45 տարի առաջ և առաջին անգամ լույս տեսել 1979 թ-ի մայիսի 28-ին: Շաբաթաթերթի հրատարակման անհրաժեշտությունn այդ օրերին զգացվել է Կանադայի Հայ հեղափոխական դաշնակցության Կենտրոնական կոմիտեի կողմից: Այն սկսել է գործել հայ համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար: «Հորիզոն»-ը Սփյուռքի այն լրատվամիջոցներից մեկն է, որ հատկապես վերջին 20 տարիներին անմիջական կապ ունի Կանադայի պետական բոլոր օղակների հետ: Մենք հարցազրույցներ ենք անցկացնում նաև Կանադայի նախարարների հետ, նահանգային խորհրդարանի անդամների հետ, և այս կերպ ավելի մեծ լսարան հավաքել շաբաթաթերթի համար»,- նշել է Գարագաշյանը:
Նրա խոսքով՝ համայնքային բոլոր միջոցառումները շաբաթաթերթի էջերում իրենց տեղն են գտել:
««Հորիզոն»-ը միշտ եղել է հայ համայնքի արտացոլումը: Եվ թերթում տեղ են գտել համայնքային բոլոր միջոցառումները, կարևոր իրադարձությունները, հայկական կենտրոնների և եկեղեցիների հիմնադրումները: Այլ կերպ ասած՝ կանադահայ համայնքի վերջին 45 տարվա պատմությունն ամփոփված է «Հորիզոն»-ի արխիվներում: Իսկ եթե հիշեմ, թե արխիվային որ լուսանկարներն են ինձ վրա տպավորություն թողել, ապա պետք է նշեմ, որ դրանք հայկական կենտրոնների բացման լուսանկարներն են»,- եզրափակել է Գարագաշյանը: