Կանադայի դեմ ԱՄՆ ռազմական ուժի գործադրումը չի բացառվում. Մհեր Գարագաշյան

16 Հունվարի 2025, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի հետ զրույցում կանադայաբնակ մանկավարժ, հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը խոսել է դեռ Սպիտակ տուն չմտած, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի այն սկանդալային հայտարարության մասին, թե Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը:

«Թրամփն ուզում է, որ Կանադան լինի ԱՄՆ 51-րդ նահանգ ու վարչապետ Ջասթին Թրյուդոյին անվանում է մարզպետ: Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ը Կանադային ամեն տարի նպաստ է հատկացնում: Այս պարագայում, Դոնալդ Թրամփի խոսքով, Ամերիկան է տուժում ու դրա դիմաց՝ ուզում է մաքսատուրքերն ավելացնել 25 տոկոսով»,- ասել է մեր զրուցակիցը:

Գարագաշյանի խոսքով՝ Կանադայի գրեթե ամբողջ բնակչությունը դեմ է, որ այդ երկիրը դառնա ԱՄՆ նահանգ:

«Թրամփը փորձում է ուժեղի դիրքերից խոսել ու հատկապես տնտեսական լծակ գործադրել Կանադայի վրա: Կանադայի բնակչության 90 տոկոսը դեմ է ԱՄՆ-ի նահանգ դառնալուն: Որքան էլ սիրուն բաներ են ավելացնում, ասում, որ քաղաքացիները քիչ տուրք կվճարեն, բայց կարծում եմ՝ այդպես չի լինի: Թրամփը նաև նշում է, որ ամերիկյան բանակն ամբողջությամբ Կանադայի տրամադրության տակ է, եթե ինչ-որ բան պատահի»,- ասել է Մհեր Գարագաշյանը:

Նա ընդգծել է՝ չի բացառվում, որ ԱՄՆ-ը ռազմական ուժ կգործադրի Կանադայի վրա:

Հավելենք, որ այս հայտարարության ֆոնին՝ Դոնալդ Թրամփը հրապարակել էր նաև ԱՄՆ քարտեզը, որտեղ կար նաև Կանադան՝ վրան սևով գրված՝ «Միացյալ Նահանգներ»:

Իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որ վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, նույնպես բացառել էր ԱՄՆ-ին միանալու հնարավորությունը՝ ասելով, որ իր երկիրը երբեք չի դառնա ԱՄՆ-ի մաս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում