Կանադայի հայ համայնքում չեղարկել ենք ամանորյա բոլոր միջոցառումները՝ ի հարգանս արցախցիների․ Մհեր Գարագաշյան
27 Դեկտեմբերի 2023, 23:46
Մանկավարժ, հրապարակախոս, հասարակական գործիչ Մհեր Գարագաշյանը Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Կանադայի հայ համայնքում ամանորյա բոլոր միջոցառումները չեղարկվել են։
«Ահավոր ծանր ազդեցություն ունեցավ Արցախի կորուստը բոլորիս վրա։ Հավատալու բան չէր։ Կանադայի հայ համայնքում Նոր տարվա բոլոր խրախճանքները չեղարկված են, պարզապես ոչ միայն այն, որ տրամադրություն չկա, նաև ի հարգանս մեր ժողովրդի, որ այսպիսի բաների միջով է անցնում»,- նշել է մեր զրուցակիցը։
Նա փոխանցել է, որ այնտեղի հայ համայնքը նաև դրամահավաք է կազմակերպել՝ ի աջակցություն արցախցիների։
«Դրամահավաք է կազմակերպվել, համայնքի բոլոր միությունները, կազմակերպությունները մասնակցում են դրան, նպատակը օգնելն է տեղահանվածներին։ Ամանորը կարելի է նշել առանց տոնական թոհուբոհի, կարելի է նստել ու մտածել եղածի մասին։ Դրամահավաքն ընթացքի մեջ է, ինչքան գիտեմ՝ Հայ օգնության միությունը ինչ-որ մի բաժին արդեն ուղարկել է Հայաստան»,- ասել է Գարագաշյանը։
Նա նաև նշեց, որ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ արած հայտարարություններին հաջորդելու է մի նոր աղետ՝ արդեն կապված Հայաստանի տարածքի հետ։