Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին. Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդ

08 Մայիսի 2024, 11:20

Քաղաքականություն

Դանիայի հայ համայնքային խորհուրդը, միանալով համաեվրոպական հայ համայնքների ձայնին, իր խորին մտահոգությունն է հայտնում այս օրերին Մայր Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու անհամաձայնություն է հայտնում Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տեղի ունեցող անհամաչափ, միակողմանի, սահմանազատման գործընթացի վերաբերյալ, որն իրականացվում է Ադրբեջանի սպառնալից ճնշումների ներքո։ Այս մասին հայտարարություն է տարածել Դանիայի Հայ Առաքելական Եկեղեցու համայնքային խուրհուրդը:

«Հայրենիքը՝ Մայր Հայաստանը, բարձրագույն արժեք է Հայրենիքի ամբողջականությունը և անսասանությունը պահպանելը՝ սրբազան պարտականություն։ Դատապարտելի է ցանկացած ոտնձգություն հայրենիքի, հայ ժողովրդի, խաղաղության, իրավունքների նկատմամբ։ Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին:

Կոչ ենք անում ձգտել երկարատև ու ամուր խաղաղության ոչ թե միակողմանի շարունակական զիջումների հաշվին, այլ ազգային միաբանության, հասարակական լայն հաշտության ու համերաշխության, ինչպես նաև ազգային արժանապատվության հիմունքներից ելնելով` նույն թվում դասեր քաղելով Արցախի հայաթափման ցավալի փաստից»,- ասվում է հայտարարության մեջ: