Կապանում Իրանի հյուպատոսությունը դռներն է բացել բոլորի համար

08 Փետրվարի 2026, 17:10

Քաղաքականություն

Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոսության բակում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության՝ Իրանի գլխավոր ազգային տոներից մեկի 47-ամյակի տոնակատարությունը։ Այս տարի միջոցառման ձեւաչափն անսովոր էր. փակ դիվանագիտական ընդունելության փոխարեն հյուպատոսությունն իր դռները բացել էր բոլոր ցանկացողների համար՝ տոնը վերածելով կենդանի մշակութային տոնավաճառի։

Հենց մուտքի մոտ հյուրերին դիմավորում էին ավանդական իրանական noghl քաղցրավենիքներով, իսկ բակում իսկական ցուցահանդես-վաճառք էր կազմակերպվել. իրանցիները ներկայացնում էին ազգային կերակրատեսակներ, ձեռագործ աշխատանքներ, կերամիկա եւ թեյ։

Ինչպես նշել է  Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, տոնը բաց ձեւաչափով անցկացնելու որոշումը գիտակցված էր։

«Քանի որ սա Իրանի պետական տոներից մեկն է, այն նշվում է բոլոր երկրներում, որտեղ կան իրանական դիվանագիտական ներկայացուցչություններ։ Նախորդ տարիներին  մենք նման միջոցառումներ ենք կազմակերպել պաշտոնական հյուրերի եւ հրավիրվածների համար, բայց այս տարի որոշեցինք տոնը դարձնել անմիջապես ժողովրդի համար։ Նման որոշումները նպաստում են մեր երկրների միջեւ կապերի ամրապնդմանը եւ փոխհարաբերությունների մշակույթի փոխանցմանը»,- նշել է նա։