Կառավարությունն իր ուժը զենք է դարձրել եկեղեցու դեմ և շարունակում է իր ծրագիրը
07 Փետրվարի 2026, 21:19
Աստվածաշնչով ու Նոր կտակարանի արժեքներով իր քաղաքական գործունեությունը սկսած Փաշինյանը, ով մեկ տարի առաջ Վաշինգտոնում մասնակցում էր Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, իր ելույթում ասում էր, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր կրոնական հաստատությունը Հայ Առաքելական եկեղեցին է, ինչը բնական է, քանի որ Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։
Այս ելույթից ընդամենը հինգ ամիս անց՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկում, վարչապետը արշավ սկսեց Հայաստանի գլխավոր կրոնական հաստատության դեմ։ Նա Աստծո տունը «չուլանացված» անվանեց, հետո պահանջեց Վեհափառ հայրապետի հրաժարականը։
Փաշինյանի ելույթից մեկ տարի անց, հենց այն նույն հարթակում, որտեղ վարչապետը հայտարարել էր, որ իր համար կարևոր են Սուրբ Աստվածաշնչի և Նոր Կտակարանի արժեքները, փաստաբան Արամ Վարդևանյանը միջազգային հանրությանն ահազանգեց իշխանության կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հակաեկեղեցական արշավի մասին։ Իր խոսքում նա նաև համեմատություններ անցկացրեց Կաթոլիկ աշխարհի հետ։
«Անցյալ գարնանից սկսած՝ ՀՀ կառավարության առաջատար դեմքերը գործադիր իշխանությունից պահանջել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայ Սուրբ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Սա նույնն է, որ կաթոլիկ երկրի առաջնորդը պահանջեր Հռոմի Պապի հրաժարականը»,- նշել է Վարդևանյանը։
Փաստաբանը գործող իշխանության քայլերը մտահոգիչ է համարում, քանի որ թիրախավորվում է 301 թվականին հիմնադրված հայապահպան կառույցը, որը դարեր շարունակ պահպանել է իր ինքնությունը և առաքելությունն՝ անկախ պատմական դժվարություններից։
Փաստաբանը կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել է հոգևորականների ազատազրկումների թեմային։ Փետրվարի 2-3-ին Վաշինգտոնում անցկացված այս ֆորումին Հայաստանը անդամակցում է 2020 թվականից, քանի որ կրոնական ազատությունների հարցը առանցքային նշանակություն ունի երկրի արտաքին քաղաքականության համար՝ մարդու իրավունքների համատեքստում։ Արդյոք հենց այդ համատեքստում են եկեղեցու չորս եպիսկոպոսներ շարունակում կալանավորված մնալ: Ավելին՝ վեց սրբազանների դեմ մեղադրանք է ներկայացվել, սահմանափակվել է նրանց ազատ տեղաշարժը: Վարդևանյանը նկատում է՝այս մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը և հակասում են իրավական երաշխիքներին։
«Անցյալ հունիսին ձերբակալվեց և կալանավորվեց նաև Առաքելական Եկեղեցու ամենախոշոր դոնորը՝ Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Երբ լրագրողը հարցրեց պարոն Կարապետյանին Եկեղեցու հալածանքների մասին, նա հայտարարեց, որ միշտ կանգնած է եղել Հայ Եկեղեցու կողքին և մասնակցելու է Եկեղեցու պաշտպանությանը՝ մեջբերում եմ՝ «Մեր ձևով»»,- ընդգծել է փաստաբանը։
Ու հենց այս հայտարարությունը հիմք դարձավ, որ մի քանի ժամ անց Սամվել Կարապետյանի տուն խուզարկեն, հետո նրան ձերբակալեցին, ապա կալանավորեցին՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով, ներկաներին հիշեցրել է Սամվել Կարապետյանի փաստաբանը։
«Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, մի ՔԿ հիմնարկում, որը հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ»»,- ասել է Վարդևանյանը։
Իր ուժը զենք դարձրած ու եկեղեցու դեմ պայքարող, նախնական կալանքը պատժի վերածող, երկիրը քաղբանտարկյալներով լցրած իշխանությունը շարունակում է իր ծրագիրը, նկատում են Փաշինյանի ընդդիմախոսները։
Ավելի ուշ Արամ Վարդևանյանը Alpha News-ի լոսանջելեսյան խմբագրությանը հայտնել էր, որ իր ելույթի ընթացքում, երբ ներկայացնում էր Արցախում իրականացված էթնիկ զտման հանգամանքները, փորձել են խոչընդոտել իրեն։ Հենց այն պահին, երբ խոսում էր ավելի քան 120 հազար արցախահայերի բռնի տեղահանման, նրանց՝ տները, հարազատների գերեզմանները լքելու, ինչպես նաև եկեղեցիներ ու վանքեր այցելելու հնարավորությունից զրկվելու մասին, Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն փորձել է խանգարել ելույթը։
«Բնականաբար, դա որևէ ազդեցություն չունեցավ, և ինչպես պատկերացրել ու նախատեսել էի, ներկայացրի Արցախի մեր հայրենակիցների խղճի և կրոնի ազատության երաշխիքների ամբողջական արգելափակման փաստերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ ակնհայտ ապօրինի միջամտությունների, ներքին գործերին խառնվելու բոլոր այդ գործողությունները»,- նշել է Alpha News-ի զրուցակիցը:
Փաստաբանը միջազգային կրոնական գագաթնաժողովին ներկայացրել է նաև քաղաքական հետապնդումների փաստը։
«Բոլոր շեշտադրումները, որոնք արդեն իսկ բարձրաձայնվել էին նախկինում, կրկին ներկայացվեցին այդ հարթակից։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ բոլոր ներկայացված հանգամանքները զուգահեռաբար ուղեկցվում էին Հայաստանի Հանրապետությունը որպես ֆանտաստիկ երկիր ներկայացնելով, մեր հայրենակիցները և մեր ազգը նկարագրվեցին որպես նվիրյալ, աշխատասեր և տաղանդավոր ժողովուրդ։ Միևնույն ժամանակ, կարևոր էր շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում առկա են քաղաքական հետապնդումների բազմաթիվ դեպքեր»,- ասել է փաստաբանը։
Հայաստանը թիվ մեկ մեղավորը չէ, մեղքի բաժինն ընկնում է օրվա իշխանությունների վրա, որոնք ապահովում են այդ քաղաքական հետապնդումները՝ նկատում է Վարդևանյանը և հիշեցնում, որ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է, չի հանդուրժում և համերաշխ չէ այս ամենի հետ։