Կառավարությունը 3 մլն 250 հազար դոլար կհատկացնի՝ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ՀՀ շահերը պաշտպանելու համար
21 Օգոստոսի 2025, 20:00
Հայաստանի կառավարությունը 3 մլն 250 հազար դոլար կհատկացնի Ամերիկայի Միացյալ նահանգներում գործող Arnold & Porter ընկերությանը ՝ ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության ու պատշաճ պաշտպանության ապահովման նպատակով: Համապատասխան որոշումը ընդունվել է կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի շարքում:
Նշվում է, որ Arnold & Porter ընկերությունը հատկապես ներդրումային արբիտրաժային վարույթների շրջանակներում պետությունների շահերի պաշտպանության գործերով հաջողել է վերջին 60 որոշումներից 53-ում (հաջողություն շուրջ 93% դեպքերում):
Ընկերությունը նշված գործում ՀՀ շահերը ներկայացնելու համար առաջարկել է ընդհանուր 3.250.000 ԱՄՆ դոլար, ինչը չի ներառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը, փորձագիտական ծախսերը, արբիտրաժային վարույթի ծախսերը, թարգմանչական ու տպագրական ծախսերը և այլ վճարներ (ճանապարհածախս և կացարան) և այլն։
2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացմանը միտված նախագիծ։ Մինչ այդ ՀԷՑ-ի պետականացման անհրաժեշտության մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
2025 թվականի հուլիսի 18-ին, հիմնվելով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի վրա, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ էր նշանակել Ռոմանոս Պետրոսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։
ՀԷՑ-ի սեփանակատերերը դիմել են Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ վիճարկելով ՀՀ իշխանությունների՝ վերը նշված որոշումները։