Կարծախում նշել են Աշուղ Ջիվանու օրը
28 Օգոստոսի 2023, 09:25
Օգոստոսի 27-ին մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվել է Ջիվանու օրը:
Մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ջիվանու արձանին, որից հետո շարժվել են դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, ծանոթացել աշուղի կենսագրությանն ու թողած մշակութային ժառանգությանը:
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվել է նրա երգն ու երաժշտությունը: Ելույթ են ունեցել Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի», «Ջավախք» անսամբլները՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն էր ջիվանական երգ ու տաղով։ Հնչել են Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր։
Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։
Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։
Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։
Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։