Կարծում եմ՝ եվրոպացի քաղաքական գործիչները բավականաչափ համարձակ չեն․ Պյոտր Սիյարտո
17 Մայիսի 2024, 21:30
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պյոտր Սիյարտոն պատասխանել է Alpha News-ի հարցին Արցախից հայ փախստականների և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության վերադարձի վերաբերյալ Բուդապեշտի դիրքորոշման մասին:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք աջակցում ենք այն ընտանիքներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները և վերադարձել են Հայաստան։ Հունգարիան մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին և այդ ընտանիքներին», — ասել է Սիյարտոն։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է, որ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա ԵԽԽՎ։
«Սա համախոհների ակումբ չէ, այստեղ բոլորը պետք է ներկայացված լինեն։ Եթե ինչ-որ երկրի վերաբերյալ մտահոգվելու կամ քննադատելու պատճառ կա, ապա պետք է ուղղակիորեն դիմակայել դրանց: Այստեղ ես խնդիր ունեմ, ես կարծում եմ, որ եվրոպացի քաղաքական գործիչները բավականաչափ համարձակ չեն։ Հեշտ է բղավել ուրիշների վրա, երբ նրանք այնտեղ չեն: Ուղիղ քննադատեք նրանց, և, ինչու ոչ, այս կազմակերպության շրջանակներում», — նշել է հունգարացի նախարարը։
Նշենք, որ Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստում, որը տեղի է ունենում Ստրասբուրգում, բարձրացրել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության վերադարձի հարցը: