Կարծում եմ՝ սփյուռքահայերի ներուժը մաքսիմալ կերպով չի օգտագործվում ի շահ Հայաստանի ու Արցախի. ամերիկահայ հասարակական գործիչ

28 Հունիսի 2023, 12:44

Կարծիք

Չեմ կարծում, որ այսօր ամերիկահայության ներուժը մաքսիմալ կերպով է օգտագործվում ի շահ Հայաստանի ու Արցախի: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է ամերիկահայ հասարակական գործիչ Դավիթ Մնացականյանը:

«Օրինակ՝ Կոնգրեսում մենք շատ մեծ ենթակառուցվածքներ ունենք, որոնց հայերը դեռ չեն հասել: Կալիֆորնիայում ամենամեծ հայկական համայնքն է, ունենք շատ լավ, հզոր երիտասարդություն, բայց նրանք ամբողջությամբ ներգրավված չեն մեր, ամերիկյան քաղաքական հարցերում, դրա համար էլ կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը մաքսիմալ կերպով չի օգտագործվում: Կարելի է ավելի լավ աշխատել այդ ուղղությամբ:

Օրինակ՝ ԱՄՆ-ի Սենատում 100 սենատոր կա, Ներկայացուցչական պալատում՝ 435 ներկայացուցիչ: Երկուսի դեպքում էլ բավականին շատ հանձնաժողովներ կան եւ մեր հայ երիտասարդները կարող են ներգրավվել այդ հանձնաժողովների աշխատանքներին, ինչպես անում են թուրքերն ու ադրբեջանցիները: Կստացվի, որ մենք մեր մարդկանց կունենանք Կոնգրեսում, կաշխատեն եւ բարենպաստ օգուտներ կտան Հայաստանին, Արցախին:

Միայն Կալիֆորնիայում ունենալով 1 մլն բնակչություն եւ մեծ համայնքներ այլ նահանգներում, մենք Կոնգրեսի ներսում մեծ բաներ կարող ենք անել մեր հայրենիքի համար: Ճիշտ է՝ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ կատարում է, բայց նրանց թիվն ավելի շատ պետք է լինի»,- նշել է Դավիթ Մնացականյանը:

Մնացականյանը կարծում է, որ ամերիկահայությունը հիասթափված է Հայաստանի, Ամերիկայի վարած քաղաքականությունից, ինչու չէ նաեւ հայ համայնքի գործունեությունից:

«Այստեղ էլ, օրինակ, բաժանվել են մի քանի խմբերի, որը բացասական է անդրադառնում բոլորիս գործունեության վրա: Օրինակ՝ 2022 թ. դեկտեմբերին ես հացադուլ էի հայտարարել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առաջ եւ պահանջում էի Լաչինի միջանցքն առանց նախապայմանների բացել:

Անկեղծ ասած՝ զարմացած էի հայ համայնքի հիասթափության աստիճանից: Իրականում շատ ավելին կարելի է անել, հայ համայնքը պետք է նորից միավորվի, իսկ դրա համար նոր մոդելներ պետք է մտածել, որովհետեւ ինչ-որ կատարվեց անցյալում, մեզ բերեց այստեղ, որտեղ հիմա կանք: Նոր մոտեցում պետք է լինի»,- ընդգծել է Դավիթ Մնացականյանը:

Հիմա եթերում