Կարելի է հույս հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի. հայ-ռուսական հարաբերությունների փորձագետ

23 Հոկտեմբերի 2023, 21:36

Քաղաքականություն

«Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի ծրագրերի տնօրեն, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսոր Օլեգ Բարաբանովը Alpha News-ին մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները և արտաքին գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպումը «3+3» ձևաչափով։

Փորձագետի խոսքով՝ հույս կա, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կկարգավորվեն։

«Իսկապես, վերջերս և՛ ռուսական, և՛ հայկական կողմից հնչում են հայտարարություններ, որոնք վկայում են փոխադարձ թյուրըմբռնման մասին։ Հայկական կողմից, ակնհայտորեն, հիմնական խնդիրն այն էր, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը՝ որպես դաշնակից, ավելի ակտիվ գործեին Հայաստանի պաշտպանության համար:

Եվ այս ամենը հանգեցրեց այս փոխադարձ հայտարարություններին, բայց, ընդհանուր առմամբ, կարելի է հույս հայտնել, որ իրավիճակը կկարգավորվի, քանի որ թե՛ ՌԴ ղեկավարության, թե՛ Հայաստանի ղեկավարության հայտարարություններում կային արտահայտություններ, որ Հայաստանը շարունակում է մնալ՝ որպես դաշնակից։ ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը մնում են Հայաստանի դաշնակիցը: Եվ ես հույս ունեմ, որ այս իրավիճակը կկարգավորվի»,- ասել է Բարաբանովը։

Խոսելով «3+3» ձևաչափի մասին՝ փորձագետը նշել է, որ ստեղծված իրավիճակում երկխոսության զարգացումը նպատակահարմար է և անհրաժեշտ։

«Այժմ «3+3» հանդիպման համատեքստում կարելի է ասել, որ ստեղծված իրավիճակում, ակնհայտորեն, երկխոսության զարգացումը տեղին ու անհրաժեշտ է թվում։ Խոսքը վերաբերում է ինչպես տարածաշրջանում հումանիտար իրավիճակին, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման ու հնարավոր խաղաղ համաձայնագրերի կնքման հեռանկարներին։ Եվ այս երկխոսության բոլոր միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, մտադիր են իրենց դերը կատարել»,- եզրափակել է Բարաբանովը։