Կարեն Ասրյան․ Շախմատի ֆենոմենը

24 Ապրիլի 2024, 23:31

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հայ անվանի շախմատիստ, գրոսմայստեր, համաշխարհային մրցաշարերի հաղթող Կարեն Ասրյանը ապրիլի 24-ին կդառնար 44 տարեկան։

Կարեն Ասրյանը ծնվել է 1980թ. Երևանում։ Երիտասարդ ու հեռանկարային շախմատիստը եղել է ԽՍՀՄ մինչև 10 տարեկանների չեմպիոն, Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (թիմային, 1999)։ Ասրյանը նաև Համաշխարհային շախմատային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր է (2002), չեմպիոն (2006), աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր (2005)։

Արդեն 16 տարեկանում նա ընդգրկվել է Հայաստանի հավաքականում՝ Երևանում անցկացվող շախմատի օլիմպիադայի համար, որտեղ 11 հնարավորից վաստակել է 9 միավոր։ Մի քանի տարի անց Ասրյանը դարձել է գրոսմայստեր։ Շախմատիստը երեք անգամ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, դարձել Դուբայի «Շեյխի գավաթի» հաղթող, և նրա վարկանիշը հատել է 2600-ի սահմանագիծը։

1996 թ-ի երևանյան օլիմպիադայում 16-ամյա Կարենը իր խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար արժանացել էր ոսկե մեդալի։ Նա բազմիցս տեղ էր զբաղեցրել աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցուցակում։

Կարեն Ասրյանը կյանքից հեռացել է 2008 թվականի հունիսի 9-ին, 28 տարեկան հասակում, ինսուլտի պատճառով: Թաղված է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը: