Կարեն Խաչանովը՝ ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի հյուր. հանգանակվել է 100 հազար դոլար

19 Մարտի 2024, 21:40

Հայեր

Շաբաթ օրը՝ մարտի 16-ին, UCLA-ի Լոս Անջելեսի թենիսի կորտում ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի հյուրընկալությամբ և հրավերով տեղի է ունեցել ցուցադրական հանդիպում թենիսի աշխարհահռչակ աստղեր Կարեն Խաչանովի և Անդրեյ Ռուբլյովի հետ:

Հանդիպման մեկնարկին «Արարատ» ՀՄԸՄ սկաուտները հանդիսավոր կերպով ներս են բերել ԱՄՆ-ի, Հայաստանի, Արցախի և Կալիֆորնիայի դրոշները և ծափահարությունների ներքո կորտ են դուրս եկել չեմպիոնները:

Նախքան հանդիպումը Խաչանովը և Ռուբլյովը նախավարժանք են արել Արարատյան թենիսի 2-րդ ամենամյա մրցաշարի հաղթողներ և փոխչեմպիոններ Թիֆանի Փափազյանի, Լիլի Չամրասի, Օլեգ Սիմոնյանի և Վեմ Տարասյանի հետ:

Մրցման ընթացքում հաղորդավար Սիլվա Հայրապետյանը հարցերի միջոցով հանդիսատեսին ավելի է մոտեցրել չեմպիոններին: Օրինակ, պարզվել է, որ Ռուբլյովը Խաչանովին սիրալիրորեն անվանում է «Հայ ռազմիկ»։

Հարապետկանը նաև հետաքրքրվել նրանց սիրելի հայկական ուտեստների մասին և պարզել, որ Խաչանովը նախընտրում է տոլման, իսկ Ռուբլյովը՝ Լյուլե Քաբաբ:

Այսպիսով, ցուցադրական հանդիպմանը Խաչանովը հաղթել է 6-3, 4-6, 10-8 հաշվով։ Այնուամենայնիվ, օրվա իսկական հաղթանակը Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հանգանակված գումարն էր, որը գերազանցել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլարը:

Անդրադառնալով ձեռնարկին, ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղի ատենապետուհի Ռուբինա Արշակյանը շնորհակալություն է հայտնել Խաչանովին շարունակական աջակցության և երիտասարդներին ոգեշնչելու պատրաստակամության, իր հաջողության պատմության և համայնքի հետ անձնական ներգրավվածության համար:

Տեսանյութի կադրերը՝ The Armenian Report-ից