Կարևոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը իրենց տներ. Եվրախորհրդարանում ԼՂ հարցով համաժողով է անցկացվել

09 Նոյեմբերի 2023, 10:50

Քաղաքականություն

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Արցախահայության իրավունքները և Եվրամիությունը» խորագրով համաժողովը, որը կազմակերպել և հյուրընկալել է կիպրացի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Կոստաս Մավրիդեսը՝ համագործակցելով ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի հետ։ Համաժողովին մասնակցում էին հայտնի միջազգային փորձագետներ, ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններից պատգամավորներ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր 2020 թվականի պատերազմից ի վեր Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ միջազգային և մարդու իրավունքների, ինչպես նաև միջնորդության մեջ ներգրավված միջազգային հիմնական դերակատարների արձագանքի տեսանկյունից։ Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն հրավիրվեց այդ ուղղությամբ ԵՄ դերակատարության, պարտավորությունների և հանձնառությունների վրա։

Համաժողովը հյուրընկալող Կոստաս Մավրիդեսը  բացման խոսքում նշեց, որ այս համաժողովի հիմնական նպատակն է ոչ միայն չմոռանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, այլ նաև արդարադատություն հաստատելը։

«Հանցագործները պետք է պատժվեն մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար՝ վերջնական նպատակ ունենալով կանխել դրանց կրկնությունն ապագայում։ Այդ իսկ պատճառով ես տարիներ շարունակ պաշտպանում եմ ԵՄ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավասության ընդունումը երրորդ երկրների համար պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը: Նույնքան կարևոր է ապահովել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և երաշխավորել նրանց իրավունքների հարգումն Ադրբեջանի կողմից։ Եվրախորհրդարանը միշտ եղել է հայերի կողքին, քանի որ մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հարգանքը, և մենք ինտենսիվորեն կշարունակենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», — ասաց Մավրիդեսը։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր ելույթում նշեց, որ Եվրախորհրդարանը՝ որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին, բազմիցս դատապարտել է Ադրբեջանին և պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հստակ քայլեր ձեռնարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

«Չնայած սրան՝ ԵՄ գործադիր մարմինն ականջալուր չի եղել ու կամա թե ակամա սպասարկել է Ադրբեջանի շահը։ Բայց մենք շարունակելու ենք Եվրոպայում մոբիլիզացնել թե՛ քաղաքացիական հասարակությանը, թե՛ քաղաքական ուժերին, պահանջել ԵՄ գործադիր մարմիններից հաշվետու լինել իրենց վարած քաղաքականության համար թե՛ քաղաքական թե՛ իրավական տեսանկունից։ Մարդու իրավունքներն աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու գործիք չեն կարող լինել, եւ մենք շարունակելու ենք պայքարել սրա դեմ», — ասաց Կարապետյանը։

Համաժողովի գլխավոր բանախոսներից միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիզ Մորենո Օկամպոն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը միայն մասսակայան սպանությունը չէ, և այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ, ցեղասպանության տեսակ է։ «Շրջափակել Լաչինի միջանցքը, նշանակում էր ստեղծել պայմաններ ժողովրդին վերացնելու համար»,- ասաց Մորենո  Օկամպոն և ընդգծեց, որ այսօր ԵԽ-ն կարող է խաղալ կարևոր դեր և պատասխանատվության կանչել ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք ևս քննեն ու գան եզրակացության՝ տեղի ունեցածը ցեղասպանություն է։