Կարինա Ազնավուրյան․ Օլիմպիական կրկնակի չեմպիոնը

20 Սեպտեմբերի 2024, 22:06

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռուս սուսերամարտիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն և Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Կարինա Ազնավուրյանը ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 20-ին։

Սուսերամարտի իր ճանապարհը նա սկսել է մարզիչ Օլգա Մատլինայի ղեկավարությամբ։ Արդեն 90-ականներին Բաքվում տեղի ունեցած հայերի կոտորածից հետո Կարինան ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա, որտեղ սկսել է մարզվել Ալեքսանդր Կիսլյունինի գլխավորությամբ։

Սկզբում Ազնավուրյանը սովորել է Օլիմպիական ռեզերվի № 3 ուսումնարանում, իսկ հետո ավարտել Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։

1996 թվականին Ռուսաստանի հավաքականի կազմում Կարինան դարձել է Ատլանտայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 1997-ին նվաճել է 19-րդ ունիվերսիադայի արծաթե մեդալները ինչպես թիմային, այնպես էլ անհատական առաջնությունում:

Հետագայում Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիդնեյում (2000) և Աթենքում (2004), հաղթել աշխարհի (2003) ու Եվրոպայի (2004) առաջնություններում։

2008 թվականին մարզական կարիերան ավարտելուց հետո Կարինա Ազնավուրյանը ղեկավարել է Մոսկվայի օլիմպիական ռեզերվի միջնակարգ մասնագիտացված դպրոցի մանկապատանեկան մարզադպրոցը, իսկ 2012 թվականին մարզուհին նշանակվել է այդ ուսումնարանի տնօրեն։

Ազնավուրյանը նաև Սանկտ Պետերբուրգում անցկացվող 2-րդ համաշխարհային մարտարվեստի խաղերում սուսերամարտի դեսպան է։ Նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով և «Պատվո շքանշանով»։