Կառլոս Մելքոնյանը Միրթա Լեգրանի հաղորդման ժամանակ դատապարտել է Արցախում ստեղծված իրավիճակը
17 Հոկտեմբերի 2023, 19:22
Արգենտինացի հայազգի տնտեսագետ Կառլոս Մելքոնյանը «La Noche de Mirtha»-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված Արցախի բնակչության վիճակին։
Միրթա Լեգրանի վարած ծրագրին Մելքոնյանը մասնակցել է Արգենտինայի նախագահի «Միասին հանուն փոփոխության» թեկնածու Պատրիսիա Բուլրիխի, լրագրողներ Ջոնաթան Վիալեի և Դիեգո Շեհինքմանի հետ միասին։
«Որակապես այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ապրում էր 120.000 հայ, ցեղասպանություն էր, էթնիկ զտում։ Նրանք փակեցին ճանապարհները, որ սովահար անեն բոլորին։ Բնակեցված ժողովուրդը ստիպված էր գաղթել՝ իրենց բնօրրանը թողնելով ադրբեջանցիններին»,- ասել է Մելքոնյանը:
Այնուհետև տնտեսագետը հիշել է իր ընտանիքի պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ. «Ես գիտեմ այսպիսի իրավիճակներ՝ առանց ժամանակակից տեխնոլոգիայի և լուսանկարչության, բաներ, որոնք տատիկս է պատմել ինձ այդ ցեղասպանության մասին»։