Կարմիր խաչի աշխատակիցները Բաքվում այցելել են օկուպացված Արցախի նախկին ղեկավարներին

16 Մայիսի 2024, 16:30

Քաղաքականություն

Այս տարվա մայիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են օկուպացված Արցախի Հանրապետության՝ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող նախկին ղեկավարներին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

«Ձերբակալվածների հետ անհատական հանդիպումներ են եղել, պայմաններ են ստեղծվել, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, իր այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին»,- ասված է հաղորդագրությունում։