Կարմիր խաչի կողմից այդ անվանումը օգտագործելը վիրավորում է արցախցիների արժանապատվությունը. ԱՀ ՄԻՊ

25 Հուլիսի 2023, 22:00

Քաղաքականություն

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ողջունում են ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։

Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը»,- նշել է ԱՀ ՄԻՊ-ը։