Կարմիր խաչը հրապարակում է այն, ինչ անհրաժեշտ է՝ հետագա գործունեությանը չխոչընդոտելու համար. ԿԽՄԿ-ի պատասխանը՝ Alpha News-ին
01 Օգոստոսի 2023, 16:00
Բերձորի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետից Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման հարցով Alpha News-ը նամակ է ուղարկել ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասային գրասենյակ և պարզաբանումներ խնդրել, որտեղից արձագանքել են և նամակը հասցեագրել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարին:
Դիտարկմանը, թե բացառիկ դեպք է, երբ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ հիվանդին, որին որին սրտի անհապաղ վիրահատություն էր սպասվում, վերցնում են մարդասիրական այս կառույցի աշխատակիցներից ձեռքից, մինչդեռ բացի ԿԽՄԿ տեղական մասնաճյուղից, դրա մասին Կարմիր խաչի գլխամասային գրասենյակը չի բաձրաձայնում, Զառա Ամատունին պատասխանել է, որ ԿԽՄԿ-ն տվյալ թեմայով իր կենտրոնական սոցիալական ցանցերով տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ այն կարող է չեզոք դիտարկվել, սակայն դա Կարմիր խաչի աշխատանքային ձևաչափն է:
«Չեզոքը պայմանավորած է ոչ թե խնդրին նման կերպով վերաբերելուց, այլ կազմակերպության ձևաչափն է այդպիսին՝ «հանրային հարթակում լինել ավելի զուսպ, իսկ աշխատել ավելի շատ կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով՝ խնդիրները բարձրաձայնելով համապաասխան որոշում կայացնողների հետ»,- ընդգծել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:
Նրա դիտարկմամբ՝ Կարմիր խաչը հրապարակում է այն, ինչը անհրաժեշտ է համարում, որպեսզի այնուհետև ոչինչ չխանգարի իր հետագա գործունեությանը: Առաքելություն իրականացնողներն աշխարհում աշխատում են բավականին բարդ պայմաններում: Ըստ Զառա Ամատունու՝ ԿԽՄԿ-ն այդքան էլ հանրային կազմակերպություն չէ, այն ավելի քիչ է խոսում հրապարակավ, որպեսզի մուտք ունենա այնտեղ, որտեղ ոչ ոք կոնֆլիկտի գոտում մուտք չունի: Դրանով է պայմանավորված, որ իր գոյության 160 տարիներին մի շարք խնդիրների առջև կանգնելով՝ Կարմիր խաչը պահպանել է իր հեղինակությունը:
Նա բացատրել է ներքին ընթացակարգը՝ այս 7 ամիսներին նախապես իրենց քայլերը և Արցախից Հայաստան տեղափոխվող անձանց ցանկը համաձայնեցրել են բոլոր կողմերի հետ, որը եղել է այս ընթացքում ավելի քան 700 անձանց տեղաշարժի երաշխիքը: Վագիֆ Խաչատրյանի տեղափոխումը նույնպես այդ տրամաբանության մեջ է եղել: Դիտարկմանն առ այն, թե ուրեմն՝ ադրբեջանական կողմը խախտել է համաձայնությունը, Զառա Ամատունին գնահատական չի տվել՝ համատարիմ մնալով իրենց կառույցի աշխատանքային ձևաչափին:
Մինչև այս պահը Կարմիր խաչի աշխատակիցները Վագիֆ Խաչատրյանին տեսակցել են միայն մեկ անգամ՝ առևանգման և ձերբակալման առաջին օրը, դրանից հետո տեսակցություն չի եղել, իսկ թե ինչու և ինչ են բանակցում այս օրերին՝ մնացած բոլոր հարցերը նույնպես գտնվում են կոնֆիդենցիալ շրջանակում և հրապարակման ենթակա չեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որեւէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բավքի հիվանդանոցներից մեկում է:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: