Կարո Քահքեջյան. Արիության խորհրդանիշ դարձած սփյուռքահայ հերոսը

24 Մարտի 2025, 23:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Մարտի 24-ին «Խաչակիրներ» կամավորական ջոկատի հիմնադիր, Արցախի առաջին պատերազմի մասնակից Կարո Քահքեջյանի (մականունը՝ Սպիտակ Արջ) ծննդյան օրն է։

Կարո Քահքեջյանը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում Հայկ և Անահիտ Քահքեջյանների ընտանիքում։ Նրա հորական պապը` Սահակ Ասլանը, Դրոյի հավատարիմ թիկնապահն էր: Քահքեջյանը մեծացել է ԱՄՆ-ում, սակայն ճարտարապետության ոլորտում բարձրագույն կրթությունը ստացել է Գերմանիայում՝ սովորելով Ֆրանկֆուրտի հեղինակավոր ճարտարագիտական համալսարանում։ Նա վարժ խոսում էր մի քանի լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, թուրքերեն, քրդերեն և արաբերեն։

Սպիտակի երկրաշարժի ողբերգական դեպքերից հետո Կարոն առաջին անգամ այցելել է Հայաստան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու տուժածներին, ինչպես նաև Սփյուռքից միջոցներ հայթայթելու համար։

Շուտով Քահքեջյանը միացել է Ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակցող կամավորներին։ Ստեղծելով «Խաչակիրներ» ջոկատը՝ Կարոն մեծ խիզախություն և ռազմավարական հմտություն է դրսևորել Մարտունու, Հադրութի, Մարտակերտի, Լաչինի և Քելբաջարի մարտերում։ Չնայած ծանր պայմաններին,՝ Կարոն և իր ջոկատը մահվան դեմ կռիվ են տվել՝ պաշտպանելով հայրենի Արցախը:

Կարո Քահքեջյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 26-ին Մարտակերտի թեժ մարտերի ժամանակ։ Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

2010 թվականին նկարահանվել է «Սպիտակ արջի ուրվականը» գեղարվեստական ֆիլմը ՝ նվիրված Կարո Քահքեջյանի հիշատակին։

Հիմա եթերում