Համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել». Շոյգուն՝ ՀՀ-ի երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին
19 Փետրվարի 2026, 10:30
Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին հանրապետության երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է, որի հետևանքով տարիների ընթացքում ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Չեմ պատրաստվում գնահատել այլ պետությունների կոմպետենտությունը երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց վստահորեն կարող եմ ասել՝ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը դժվար պայմաններում, բայց արդյունավետ և երկար տարիներ գործել է Հայաստանում»,- նշել է Շոյգուն։
Նա նաև հավելել է․ «Վերջերս մեկնաբանել էի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային ոլորտում համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Դիվանագիտորեն ասած, կարո՞ղ են վատ մտածված որոշումները հանգեցնել նույնքան վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի շարքային քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ ակնթարթում փլուզվել։ Բնականաբար, դրա համար որևէ «բարեկամ երկիր» պատասխանատվություն չի կրի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ ընդունելիս Հայաստանի ղեկավարությունը կառաջնորդվի բացառապես իր քաղաքացիների շահերով»։
Շոյգուն նաև ընդգծել է, որ շուրջ 20 տարի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվությամբ կատարել է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումային պարտավորությունները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային համակարգում, ներառյալ շարժակազմը, գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։
«Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի երկաթուղիների` ռուսական ընկերության կառավարման ներքո լինելը վախեցնում է հնարավոր գործընկերներին, խոչընդոտում է տարածաշրջանային նախագծերին, և մտածում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկրի»,- նշել է Շոյգուն և հիշեցրել՝ պայմանագիրը նախատեսում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն՝ որպես կոնցեսիոներ, իրականացնում է կոնցեսիոն ակտիվների տիրապետում, օգտագործում, կառավարում, շահագործում, սպասարկում, վերանորոգում և անհրաժեշտ բարելավումներ։
Նրա խոսքով՝ պայմանագիրը ստորագրելիս ռուսական կողմը ստանձնել է պատասխանատվություն ավելի քան 1,2 հազար անշարժ գույքի և Հայաստանի երկաթուղային համակարգի ավելի քան 12,5 հազար շարժական գույքի օբյեկտների համար։