Կարպետագործության վարպետաց դաս՝ թանգարանում
«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանում կազմակերպվել է կարպետագործության վարպետաց դաս:
Միջոցառման ընթացքում թանգարանի աշխատակիցները համառոտ ներկայացրել են կարպետագործության և գորգագործության պատմությունը: Արցախի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն ժաննա Առստամյանը նշել է, որ «Թանգարանային գիշեր» միջոցառմանն իրականացվում են տարբեր քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր, ոչ ֆորմալ կրթական ծրագրեր:
Այս տարի որոշել են անդրադառնալ կարպետագործությանը: Վարպետաց դասի ժամանակ մասնակիցները սովորել են կարպետագործության հմտություններն ու գաղտնիքները: Մասնակիցներից Էլլադա Գրիգորյանն արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է կարպետագործությամբ:
«Կարպետագործություն սովորել եմ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Հիմնականում կարպետները գործում ենք հայկական զարդանախշերով: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ իմ գիտելիքերը կիսելու ընկերներիս հետ»,- Artsakhtert.am-ի հետ զրույցում ասել է նա:
Կարպետագործների համոզմամբ՝ հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը զարդանախշերն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը և իմաստը:
Պատմաերկրագիտական թանգարանի տնօրենի խոսքով՝ 1950-60-ական թվականներին ձեռագործությունն Արցախում որոշակիորեն անկում է ապրել՝ պայմանավորված գործարանային արտադրության զարգացմամբ, սակայն արդեն 1990-ականներից այն նոր շունչ է ստացել:
Առստամյանն ուրախությամբ է նշել, որ այժմ Արցախում գործում են կարպետագործական խմբակներ՝ տարբեր տարիքի երեխաների ընդգրկմամբ: