Կասկածում ենք, որ Ստեփանակերտի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթների խաչերը հանվել են. Սերգեյ Շահվերդյան
15 Նոյեմբերի 2023, 21:15
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը ադրբեջանական լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթների խաչերը հանվել են:
«Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութից հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը»,- ասվում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի ֆեյսբուքյան էջում:
Alpha News-ը թեմայի շուրջ զրուցել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց.
«Մենք հստակ չենք կարող ասել, որ խաչերը հանվել են: Մենք այդ դիտարկումն արել ենք ադրբեջանական լրատվամիջոցներում տեղ գտած տեսանյութերի հիման վրա, որտեղ այդ խաչերը չեն երեւում, գուցե կադրերն արված են այն տեսանկյունից, որ խաչերը չերեւան, բայց ամենայն հավանականությամբ, խաչերն իսկապես հանված են, մենք կսպասենք այլ նյութերի հրապարակման, որտեղ հստակ կերեւա իրական պատկերը: Եթե խաչերը հանված լինեն, ապա որեւէ զարմանալի բան չկա, որովհետեւ ադրբեջանական իշխանությունների համար դա սովորական գործընթաց է: Մենք նմանատիպ բազմաթիվ փաստեր արձանագրել ենք նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, այդ օրինակներից մեկն էլ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի եկեղեցու ամբողջական ավերումն է, որի փաստագրված ապացույցները կան»:
Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ Արցախում պատմամշակութային ժառանգությունը վնասելու կամ էլ վերացնելու վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելն այս անգամ դժվար է, քանի որ Արցախում հայ չի մնացել, իսկ ադրբեջանական սոցհարթակներն էլ փակ էին ռազմական գործողությունների ժամանակ:
«Արցախի տարածքում հայեր չկան, որոնցից կարող ենք տեղեկություն ստանալ, ենթադրում եմ, որ ռուս խաղաղապահների մուտքը Ստեփանակերտ սահմանափակված է եւ իրենից եւս չենք կարող հստակ տեղեկություն ստանալ: Մեզ մնում է մշտադիտարկում անել ադրբեջանական լրատվամիջոցներում ու սոցհարթակներում: Այս անգամ մենք քիչ տեղեկություններ ենք ստացել, որովհետեւ Ադրբեջանում պատերազմի ժամանակ միանգամից փակվեց Տիկ-տոկ հավելվածն ու այլ սոցհարթակներ, հիմա դրանք բացվել են, մենք պետք է պատրաստ լինենք բազմաթիվ նյութերի հրապարակման, որոնք նկարել են ադրբեջանցի զինվորականները»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: