Կատալոնիայի խորհրդարանը պահանջել է երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը և միջազգային դիտորդների ներկայությունը

05 Հոկտեմբերի 2023, 18:45

Քաղաքականություն

Կատալոնիայի խորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ընդգծում է «Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության և հավաքական իրավունքների երաշխավորման կարևորությունը», ինչպես նաև կարևորում է «միջազգային դիտորդների ներկայությունը՝ այդ ամենը ստուգելու համար»։

«Միջազգային հանրության համար անհրաժեշտ է առաջնահերթություն տալ մարդասիրական օգնությանը, որն անհրաժեշտ է հակամարտության գոտուց փախչող հազարավոր փախստականների խնամքի և արժանապատիվ կենսապայմանների երաշխավորման համար»,- ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։

Կատալոնիայի խորհրդարանը նաև հիշեցրել է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական ուժերը սկսեցին ռազմական հարձակում Հայաստանի դեմ՝ նպատակ ունենալով օկուպացնել Արցախի ինքնահռչակ Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում։

«Իսկ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը գրավեց Լաչինի միջանցքը և դե ֆակտո սահմանեց ինքնահռչակ Արցախի Հանրապետության շրջափակումը, ինչը լուրջ հետևանքներ ունեցավ բնակչության վրա՝ սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների պակասով։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը վերսկսեց ռազմական հարձակումը՝ 24 ժամվա ընթացքում լիակատար վերահսկողության տակ առնելով այս հանրապետությունը»,-շեշտել են խորհրդարանի ներկայացուցիչները։

Կատալոնիայի օրենսդիր մարմինը հայտարարում է, որ անհրաժեշտ է երաշխավորել Արցախի ամբողջ բնակչության անվտանգությունն ու կոլեկտիվ իրավունքները, և որ անհրաժեշտ է միջազգային դիտորդների ներկայությունը տարածաշրջանում։