Կաթողիկոսն իր երախտիքն է հայտնել Վրաստանին` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար

19 Հուլիսի 2023, 10:57

Հայեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեին՝ ուղեկցությամբ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Վարդան Ասցատրյանի։

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։

Նորին Սրբությունը կարևորել է երկու երկրների միջև նման փոխայցերը, որոնք նպաստում են հայ-վրացական բարեկամական կապերի առավել ամրապնդմանը և զարգացմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը փոխանցել է վրաց իշխանություններին տիրող դժվարին իրավիճակում Հայաստանին ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման նպատակով միջնորդական ջանքերի համար։

Իր հերթին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահը Ամենայն Հայոց Հայրապետին մանրամասն տեղեկություններ է փոխանցել երկրում առկա կրոնական խճապատկերի և կրոնական կազմակերպությունների ու ավանդական Եկեղեցիների նկատմամբ տարվող պետական քաղաքականության մասին։ Իր խոսքում տեր Զազա Վաշակմաձեն նաև անդրադարձ է կատարել Վիրահայոց թեմի հետ ձևավորված գործակցությանը։

Զրույցի ընթացքում արծարծվել են Վրաստանում հոգևոր ժառանգության պահպանմանը, Հայոց և Վրաց Եկեղեցիների փոխհարաբերություններին և հայ-վրացական կապերի հետագա ամրապնդմանն առնչվող հարցեր։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքին: