Կաթողիկոսն ընտրվում է ցմահ, և վարչապետն իրավունք չունի նրան հեռացնել. Սեմյոն Բաղդասարով

24 Սեպտեմբերի 2025, 13:23

Քաղաքականություն

Սեպտեմբերի 19-ին Մոսկվայի հայկական եկեղեցու «Տապան» թանգարանում տեղի է ունեցել «Կարևոր զրույց արդի թեմայի շուրջ» քննարկումների շարքի հերթական հանդիպումը։ Այն վարել են ավագ երեց Գևորգ Վարդանյանը և ռուս քաղաքագետ, պատմաբան Սեմյոն Բաղդասարովը։ Քննարկման թեման եղել են Հարավային Կովկասի ժամանակակից մարտահրավերները և հոգևոր անվտանգության հարցերը։

Բաղդասարովը ներկայացրել է տարածաշրջանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի ներկայիս ղեկավարության գործողությունների հետևանքով հնարավոր ապակայունացնող հետևանքների կապակցությամբ։ Նա նաև կտրուկ քննադատել է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները՝ ընդգծելով, որ նման քայլերն ապօրինի են և վտանգավոր։

«Իշխանությունները ձգտում են քանդել հայկական ինքնության հիմքերը, և մենք պարտավոր ենք դիմակայել դրան»,- հայտարարել է քաղաքագետը՝ կոչ անելով իշխանափոխություն իրականացնել խաղաղ և օրինական ճանապարհով՝ արդար ընտրությունների միջոցով։ Նա նշել է, որ Հայ եկեղեցու պահպանումն ազգային ինքնագիտակցության առանցքային տարր է:

Բաղդասարովը նաև ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կրոնական և աշխարհիկ իշխանությունները բաժանված են, և Կաթողիկոսն ընտրվում է ցմահ։ «Վարչապետը հոգևոր առաջնորդին փոխելու լիազորություններ չունի»,- եզրափակել է նա։

Հիմա եթերում