Կայա Կալասի որոշումներում Ռուսաստանի նկատմամբ անձնական թշնամանք կա. Եվրապատգամավոր
07 Մայիսի 2025, 18:10
«Շատերի համար, որոնք սպասում էին, որ ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հաշվի կառնի Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշումը, նրա այցը երկիր և այցի ընթացքում արված հայտարարությունն անակնկալ էր»,-Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի իռլանդացի պատգամավոր Մայքլ Մաքնամարան:
Նրա խոսքով՝ երբեմն Կալասն ամեն ինչին նայում է Ռուսաստանի պրիզմայով։
«Ադրբեջանը մի երկիր է, որն անկախությունից ի վեր շատ բանի է հասել։ Ես բազմիցս այցելել եմ Ադրբեջան։ Կարելի է գովել ձեռքբերումների համար, բայց միաժամանակ առկա են մարդու միջազգային իրավունքների լուրջ խախտումներ, որոնք մեծ մտահոգություն են առաջացնում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու է նա դա արել, ես պարզապես չգիտեմ: Բայց ինձ թվում է, որ երբեմն Կալասն ամեն ինչին նայում է Ռուսաստանի պրիզմայով։ Կարծում եմ, որ կարող եմ հասկանալ նրա մտահոգությունը Ռուսաստանի նկատմամբ, բայց նաև վստահ եմ, որ ԵՄ արտաքին հարաբերությունները դուրս են գալիս միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակներից: Կա հասկանալի, բայց ոչ պակաս կործանարար մոլուցք Ռուսաստանի նկատմամբ, որով նա առաջնորդվում է իր քաղաքական որոշումները ձևավորելու հարցում: Ես համաձայն չեմ դրա հետ և, կարծում եմ, որ դա վնասակար է:
Հավատում եմ, որ եթե դուք ծնունդով այնտեղից եք, որտեղից նա է, ապա, իհարկե, դուք առանձնահատուկ մտահոգություն կունենաք Ռուսաստանի վերաբերյալ, բայց նաև կարծում եմ, որ ԵՄ շահերը դուրս են գալիս առանձին անդամ պետության շահերի շրջանակներից, նաև Ռուսաստանի հետ թշնամանքի շրջանակներից, որը ծագել է, և որն, անկեղծ ասած, պետք է լուծվի: Ափսոս, որ Կայա Կալասը ջանքեր չի գործադրում Ռուսաստանի հետ խաղաղություն գտնելու համար, այլ թույլ է տալիս, որ Ռուսաստանի հետ իր թշնամանքն ազդի յուրաքանչյուր որոշման վրա, որը նա ընդունում է»,- նշել է նա:
Խոսելով խորհրդարանի արձագանքի մասին՝ կապված Ադրբեջանի հետ էներգետիկ գործարքի վերականգնման հայտարարության հետ, եվրապատգամավորը հույս է հայտնել, որ խորհրդարանը կարձագանքի:
«Չգիտեմ՝ արդյոք մեծամասնություն կհավաքվի դա անելու համար, բայց ես միանշանակ կարծում եմ, որ մենք չենք կարող մի կողմից խոսել մարդու իրավունքների մասին՝ միջազգային իրավունքին համապատասխան, մարդու իրավունքների հարգման, էթնիկ զտումների հետ կապված մտահոգությունների մասին, իսկ մյուս կողմից հայտարարել, որ Ադրբեջանը մեր ապագան է։ Եվ ինչպես ասացի, ես թշնամանք չունեմ Ադրբեջանի նկատմամբ։ Սա մի երկիր է, որն, ըստ իս, շատ բանի է հասել, բայց նաև երկիր է, որը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքին չհամապատասխանելու, մարդու իրավունքներին չհամապատասխանելու և դատական գործընթացների համար, որոնք այժմ տեղի են ունենում: Կալասի այցի ժամանակը չմտածված է ընտրվել»,- եզրափակել է Մաքնամարան: