Կայա Կալասի խոսքերը հնչում են որպես դատավճիռ Հայաստանի և հայ ժողովրդի համար. Մովսես Ղազարյան

19 Դեկտեմբերի 2025, 22:15

Քաղաքականություն

Քաղաքագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը՝ 2026 թվականի սպասվող ընտրություններում Հայաստանին աջակցելու վերաբերյալ, և վերլուծել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը:

«Կայա Կալասի խոսքերը հնչում են որպես դատավճիռ Հայաստանի և հայ ժողովրդի համար: Իսկ Մոլդովայի հետ համեմատությունը, մեղմ ասած, այնքան էլ տեղին չէ: Լավ է, որ չեն համեմատում որևէ աֆրիկյան պետության հետ՝ ամենայն հարգանքով Աֆրիկայի և «սև մայրցամաքի» հանդեպ, բայց դա, մեղմ ասած, անտեղի է: Այսինքն, իմ կարծիքով, եթե կարդանք տողատակերը, սա ցուցադրական վերաբերմունք է Հայաստանի նկատմամբ՝ որպես ոչ ինքնուրույն երկրի, իսկ հայ ժողովրդի նկատմամբ՝ որպես ոչ սուվերեն ժողովրդի, որն, իբր, ինքնուրույն չի կարող որոշել իր ապագան, իր ճակատագիրը և իր քաղաքական ընտրությունը»,- կարծում է Ղազարյանը:

Ըստ փորձագետի՝ ՀԱԵ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անթույլատրելի են և հրահրվում են արտաքին շահագրգիռ կողմերի կողմից:

«Սա իսկապես սրբապղծություն է: Հայերին հավատքի հիմքերից և հավատքի՝ որպես հայ ժողովրդի ազգային ինքնությունը դարեր շարունակ պահպանող հանրային ինստիտուտի հանդեպ հարգանքից զրկելը սրբապղծություն է:

Իհարկե, սա խայտառակություն է: Ես, օրինակ, երբեք կյանքում նման մարդկանց շարքում չէի լինի: Ավելի շուտ կմեռնեի, քան կլինեի նման մարդկանց թվում, բայց ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս չեն ամաչում այն մարդիկ, որոնք մասնակցել են այդ գարշելի գործողություններին, ընդհանրապես փողոց դուրս գալ, ինչպե՞ս չեն ամաչում նրանց երեխաները կամ ծնողները: Սա այնպիսի ամոթ է: Գիտեք, հավանաբար Ցեղասպանության ժամանակ է նման բան տեղի ունեցել՝ բռնության ավելի մեծ կիրառմամբ: Այսինքն՝ Սուրբ եկեղեցին, որը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի հոգին, այսօր գտնվում է նման վիճակում:

Ինձ համար միանգամայն ակնհայտ է նաև, որ սա կարծես դրսից եկած պատվեր լինի: Ես որևէ պատրանք չունեմ իշխող խմբի համոզմունքների և հավատքի վերաբերյալ, բայց, տարբեր նշաններից ելնելով, տպավորություն է ստեղծվում, որ սա դրսի գործողություն է, ընդ որում՝ ոչ միայն մեր անմիջական հարևանների կողմից, այլ, ամենայն հավանականությամբ, տարբեր խմբավորումների կողմից: Դե, մենք գիտենք, որ տարատեսակ աղանդավորական կառույցներ սերտորեն համագործակցում են արևմտյան հատուկ ծառայությունների հետ. նրանք տեղեկատվություն են հավաքում, մարդկանց հավաքագրում և այլն»,- ընդգծել է Alpha News-ի զրուցակիցը: