Կայացավ Բենիամին Մաթևոսյանի «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի պրեմիերան

23 Ապրիլի 2025, 17:00

Քաղաքականություն

Ապրիլի 22-ին Երևանի կինոյի տանը տեղի ունեցավ «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հայոց ցեղասպանությունից մինչև Արցախի հայաթափման օրերի մասին պատմող այս ֆիլմը նկարահանել է Alpha Media House-ի Alpha Cinema Production-ը: Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

«Ֆիլմի գաղափարն ու վերնագիրը Վիկտոր Սողոմոնյանինն է՝ Alpha Media House-ի հիմնադրինը: Կարծում եմ`Alpha News-ը չէր կարող թույլ տալ բաց թողնել Հայոց ցեղասպանության 110- րդ տարելիցը, հետևաբար որոշեցինք ֆիլմ նկարել։ Համոզված եմ, որ սա արտահայտման լավագույն միջոցներից մեկն է ու ամենակարևորը մնայուն միջոցներից մեկն է»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Իրական Հայաստանի» ջատագով իշխանությունը փորձում է մոռացության տալ պատմական Հայաստանն ու հրաժարվել հայի ու հայկականի խորհրդանիշ Արարատ լեռից։ Կհաջողի՞ այս գործում իշխանությունը, կհասնի՞ արդյոք Հայոց ցեղասպանության մոռացությանն ու ուրացմանը, այս հարցերին է անդրադառնում «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը։

«Առնվազն հիմնավոր կասկած կա, որ մենք գործ ունենք փոքրամասնության իշխանության հետ, հասարակության մոտ հարցեր են առաջանում, երբ իշխանությունը փորձում է մոռացության մատնել Արարատը, բայց մի բան է, երբ դու կարծիք ունես, որ սա փոքրամասնության իշխանություն է, հասարակության մեծամասնության դուրը սա չի գալիս, այլ բան է, որ դու պետք է միջոցներ փնտրես, որ կարողանաս ձևակերպես, որ հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է պատմական ինքնության պահպանմանը, ֆիլմը նաև սրան է ուղղված»,- ասաց Բենիամին Մաթևոսյանը:

Երևան, Խոր Վիրապ, Գյումրի և հայ-թուրքական սահման` Մեղրաշատ գյուղ, սա նկարահանումների ոչ ամբողջական երթուղին է: Տասն օր պահանջվեց ֆիլմի նկարահանումները իրականացնելու համար, ևս տասն օր տևեցին հետարտադրական աշխատանքները։ Մոռացության տրվող պատմական ու անհերքելի փաստերի, դեպքերի մասին պետք է խոսել անընդհատ, ասում է ֆիլմի ռեժիսորն ու պատմում իր զգացողությունների մասին։

«Առաջին հայացքից անհնարին թվացող էր մոտենալ հայ-թուրքական սահմանին, նկարել սահմանագիծը, ու մեր կողմից ցույց տալ Հայաստանն ու Թուրքիան բաժանող սահմանը, բայց երբ դու քո ցանկություններին մոտենում ես արդար, այդ դժվարությունները հաղթահարելի են դառնում»,- ասաց «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Արթուր Աղաբեկյանը:

Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ մեկ դար առաջ, ակտուալ է նաև այսօր, մտահոգ է ֆիլմի սցենարի հեղինակը։

«Մենք ասում ենք հետևյալը՝ դու կարող ես հրաժարվել, ամեն ինչ կարող ես մոռացության մատնել, բայց նրանք, ովքեր քեզ հետ խնդիր ունեն, ովքեր քեզ թշնամի են համարում, աշխատելու են քեզ ոչնչացնել, քո պատմական ու մշակութային ժառանգությունը գետնին հավասարեցնել»,- նշեց Բենիամին Մաթևոսյանը:

Իսկ ի՞նչ ու ինչպե՞ս անել, որ մեծ քաղաքականության մեջ Հայաստանին չոչնչացնեն։

«Քո ազգային հիշողությանը, քո պետական կարմիր գծերին, պետական ինքնասիրությանը հավատարիմ մնալն այն կարևոր ճանապարհն է, որը քեզ պահում է մեծ քաղաքականության մեջ և քո վրա բևեռում է մեծ խաղացողների ուշադրությունը և քեզ տեղ է տալիս մեծ սեղանի շուրջ, այլապես դու էդ սեղանի շուրջ էլ չկաս»,- ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Գովեստի խոսքեր և շնորհավորանքներ ֆիլմի սցենարի հեղինակին առաջինը հղում են իր զավակները՝ 7-ամյա Ադրիանն ու 9-ամյա Ամելիան:

Պատմական փաստեր ու դրանց հիման արված վերլուծություններ, մոտ մեկ ժամ տևողությամբ այս ֆիլմը կարևոր հարցերի պատասխաններ է տալիս։

«Այդ ֆիլմը մի շատ կարևոր մեսիջ տվեց, մենք կարող է փորձենք մոռանալ, որ հայ ենք, բայց թուրքը դա չի մոռանա։ Թուրքերի համար մենք ընդամենը մատերիալ ենք, կընդունենք դա, կհամակերպվենք դրա հետ, թե ի վերջո կհասկանանք, որ փրկվելու միակ միջոցը պայքարելն է»,- ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հավելեց.

«Ֆիլմը դիտելիս երկակի զգացողություններ ունեի, որովհետև այս ոլորտի ներկայացուցիչ եմ ու հիշեցի, որ տարիներ առաջ փաստագրական ֆիլմեր էի պատրաստել հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց երջանիկ էի, որովհետև այն ժամանակ հաղթանակած Հայաստանի հայացքով էին այդ ֆիլմերը, հիմա այդ պարտության զգացումն արտահայտված էր ֆիլմում: Հեղինակները պարտավորված էին հարցադրում անել, թե արդյոք այս պարտված իշխանությունները հրաժարվելու են Արարատից»:

«Ավետյաց լեռը» ֆիլմն ապրիլի 23-ից հասանելի կլինի Alpha News-ի սոցիալական հարթակներում`հայերենով և ռուսերենով։