Կազմակերպվել է բարեկամական համերգ Գավառի և Երևանի երաշժտական դպրոցների մասնակցությամբ

02 Հունիսի 2023, 00:30

Մշակույթ

Երևանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում «Քույր դպրոցներ» կրթական նպատակային ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ համերգ՝ Երևանի Ալեքսանդր Աճեմյանի և Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վարդան Աճեմյանը, երաժշտագետներ ու հյուրեր: Բարեկամական համերգը վարեց սիրված հաղորդավար Կարեն Քոչարյանը:

«Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում` հիմք դնելով ամուր մշակութային կապերի և բարեկամության ու փորձի փոխանակման երաժշտական  երկու դպրոցների միջև:

Համերգի ավարտին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արփինե Զարգարյանն, ի նշան հաստատված բարեկամության, խորհրդանշական նվեր հանձնեց Ալեքսանդր Աճեմյանի անվան դպրոցի տնօրինությանն ու սաներին։ Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ համատեղ համերգները կրելու են շարունակական բնույթ և նպաստելու են համագործակցության խորացմանը»,-հավաստեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։