ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%
22 Սեպտեմբերի 2025, 19:30
Սեպտեմբերի 16-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6,75%։ Այս մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական ակնարկում:
Նշվում է, որ գնաճը եղել է թիրախային միջակայքում՝ օգոստոսին տարեկան կտրվածքով կազմելով 3,6%, հուլիսին՝ 3,4%։
«Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ-ն նշում է, որ աճել են ներմուծվող ապրանքների գների բարձրացման և գնաճային ճնշման ուժեղացման ռիսկերը, այդ թվում՝ ներքին պահանջարկի ընդլայնման հաշվին։ Մենք կանխատեսում ենք, որ տոկոսադրույքը կպահպանվի ներկա մակարդակում մինչև 2025 թվականի վերջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։