Կցանկանայի ավելի հստակ պատկերացնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը. Անդրեյ Արեշև
08 Օգոստոսի 2023, 23:15
Որոշակի կապ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման և այն բանի միջև, որ Բաքվում կարծում են, թե հայկական կողմը չի կատարում եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը: Այս մասին Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ասել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։
«Ապաշրջափակման անհրաժեշտությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմաններից մեկն է։ Այդ ժամանակից ի վեր, այս հարցը քննարկվում է տարբեր մակարդակներում և դարձել է որոշակի մրցակցության և թյուրըմբռնման առարկա՝ կապված այդ միջանցքի գործունեության ձևերի և նրա կարգավիճակի հետ։ Այս մասին, մասնավորապես, խոսել է նաև հայկական կողմը։
Ադրբեջանի համար կարևոր է առաջ մղել իր շահերը, և նրանք, օգտվելով իրենց հնարավորություններից, վարվում են այնպես, ինչպես հարկ են համարում։ Իհարկե, այստեղ որոշակի կապ կա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման և այն բանի միջև, որ Բաքվում կարծում են, թե հայկական կողմը չի կատարում եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը: Այսպիսով, նրանք պնդում են, որ պետք է ավելի եռանդուն քննարկել այս հարցը: Մենք չգիտենք բանակցային գործընթացի բոլոր մանրամասները և բոլոր այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են, բայց մենք կարող ենք հասկանալ, որ որոշակի փոխկապակցվածություն կա։ Իսկ թե ինչպես դա կլուծվի, անկեղծ ասած, այնքան էլ պարզ չէ։
Բաքուն պնդում է, որ այդ բոլոր հարցերի կարգավորումը ներառող խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Իսկ ահա հայկական կողմի տեսակետը դեռևս բավականաչափ պարզ չէ և, որքան հասկանում եմ, խոսքը գնում է այդ հարցի լուծմանը ինչ-որ արտաքին խաղացողների ներգրավելու մասին։
Որքան հասկանում ենք, քննարկումներ են ընթանում, թե ում միջոցներով է վերակառուցվելու Մեղրիի տարածաշրջանի երկաթուղու պակասող հատվածը:
Ես այնպես եմ հասկանում, որ եվրոպացիներն ինչ-որ խոստումներ են տալիս, որ կարող են միջոցներ տրամադրել համապատասխան աշխատանքներ կատարելու համար։
Բացի այդ, այնտեղ կա երկու երկաթուղային միջանցք, և պարբերաբար, խոսքը է գնում ավտոմոբիլային միջանցքի մասին, որը խորհրդային տարիներին անցնում էր Սիսիանի շրջանով։ Այն երկաթուղուն զուգահեռ չէր անցնում Արաքս գետի երկայնքով, այլ անցնում էր մի փոքր դեպի հյուսիս։ Եվ եթե ենթադրենք, ինչպես պնդում են Բաքվում, միջանցքի ինչ-որ արտատարածքային բնույթ, ապա դա, իհարկե, ուղղակի մարտահրավեր է Հայաստանի ազգային անվտանգությանը, եւ բավական լուրջ հարց է:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում, ինչպես գիտենք, բավականին վճռական են տրամադրված, որպեսզի վերափոխեն և՛ Լեռնային Ղարաբաղի մատակարարումը, և՛, ի դեպ, խաղաղապահ զորախմբի մատակարարումը` դեպի Եվլախից և Բարդայից եկող ավտոմոբիլային ճանապարհ։ Եվ ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Հարցը լուծված չէ, և մենք հիմա գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում դա մերժվում է , որովհետև դեռ թարմ է վերջին իրադարձությունների հիշողությունը։
Ահա, կուզենայի, իհարկե, ավելի հստակ հասկանալ թե՛ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների, թե՛ այն կառույցների դիրքորոշումը, որոնք իրականում իրենց վրա են վերցնում այս կամ այն լիազորությունները։ Բայց այստեղ, ինչպես տեսնում ենք, այդ թվում՝ պարոն Հարությունյանի հարցազրույցից, առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները», — նշել է Արեշեւը։