Իրանը ոչնչի չի հասել, իսրայելական պաշտպանական համակարգը ցույց է տվել իր գերազանցությունը. Յակով Կեդմի

Իսրայելի «Նատիվ» հետախուզական ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին Alpha News-ին մեկնաբանել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։ Փորձագետի խոսքով՝ Իրանը փորձել է հարվածել Իսրայելին, սակայն պարզվել է, որ իսրայելական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը գերազանցում է իրանական հրթիռների հնարավորությունները:

«Իրանը փորձել է հարվածել Իսրայելին: Փորձել է ինչ-որ հարված հասցնել, որ որոշակի վնաս կհասցնի Իսրայելին, բայց չհատի որոշակի սահման, որպեսզի վնասը շատ ծանր չլինի՝ զոհեր չլինեն, լուրջ ռազմավարական օբյեկտներ չվնասվեն՝ վախենալով, որ Իսրայելն ի պատասխան կարող է շատ լուրջ հարված հասցնել։ Այս փորձն ավարտվել է նրանով, որ Իրանի գրեթե բոլոր հարվածային տարրերը ոչնչացվել են՝ առանց որևէ վնաս պատճառելու։

Բոլոր անօդաչուները խոցվել են՝ չհասնելով Իսրայելի սահման։ Եթե ամփոփենք, ապա իսրայելական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգը գերազանցում է իրանական հրթիռների տեխնիկական և մարտավարական հնարավորությունները։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրան մասնակցել են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Հորդանանի բավականին լուրջ ռազմաօդային ուժեր։

Այս ամբողջ միջադեպի ավարտին, երբ բոլոր արձակված հրթիռներն օգտագործվեցին և ավելի քան 99 տոկոսը ոչնչացվեց, Իսրայելում այս հարցի քննարկումը հանգեցրեց այն եզրակացության, որ իմաստ չունի այժմ որևէ պատասխան հարված հասցնել Իրանին: Իսրայելի պաշտպանության համակարգը ցույց է տվել իր գերազանցությունը։

Իրանն այդ հարվածով ոչնչի չհասավ։ Մենք այսօր չենք պատրաստվում ոչնչացնել Իրանի միջուկային, ռազմական արդյունաբերությունը։ Իսկ եթե դա չկա, ապա ինչու հարձակվել։ Ռազմական գործողությունը պետք է ինչ-որ գործնական և քաղաքական նպատակ ունենա։ Այսօր այդ նպատակը չկա, դրա համար էլ գրոհելու իմաստ չկա», — ասել է Կեդմին։

Փորձագետի կարծիքով, եթե Իրանը փոխի Իսրայելի ոչնչացմանն ուղղված իր հակաիսրայելական քաղաքականությունը, հակամարտությունը կլուծվի։

«Մենք հույս ունենք, որ Իրանի հետ կպայմանավորվենք իրանական ռազմական ծրագիրը սառեցնելու մասին՝ առանց ռազմական ուժի կիրառման։ Իսրայելի ռազմական գերազանցությունն ապացուցված է այս հարվածով։ Իսկ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը պարզ է։ Իրանը պահանջում է ոչնչացնել Իսրայելը։ Իրանը խոստովանում է, որ Իսրայելը գոյության իրավունք չունի։ Մենք ոչ մի հավակնություն չունենք Իրանի նկատմամբ։

Մենք ունենք ավելի քան հազար կիլոմետր դեպի Իրանի սահման։ Քանի դեռ Իրանը վարում է այս քաղաքականությունը, քանի դեռ փորձում է դիվերսիա իրականացնել Իսրայելի դեմ, Իսրայելը դրա դեմ պայքարելու է իր ունեցած ուժերով։ Բայց Իսրայելը չի պատրաստվում ոչնչացնել Իրանը, ինչպես Իրանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Եթե Իրանը փոխի Իսրայելի ոչնչացմանն ուղղված իր հակաիսրայելական քաղաքականությունը, հակամարտությունը կավարտվի»,- ասել է Կեդմին։

Ինչ վերաբերում է նրան, որ իրանական կողմն այժմ իր գործողությունները գնահատում է հաջողված, փորձագետը նշել է, որ Իրանն, առանց որևէ փաստ ներկայացնելու, հեքիաթներ է պատմում իր բնակչությանը։

«Մենք ապրում ենք Մերձավոր Արևելքում, որտեղ ամենահայտնի գործերից մեկը «Հազար ու մի գիշեր» հեքիաթներն են: Սա այն է, ինչ Իրանն անում է իր քարոզչության շրջանակներում։ Իրանը չկարողանալով որևէ ապացույց ցույց տալ, որ ինչ-որ վնաս են հասցրել, իր բնակչությանը հեքիաթներ է պատմում։ Նրանք չեն կարող խոստովանել, որ ոչինչ չեն կարողացել անել։ Նրանք ոչ մի փաստ չունեն։ Ոչինչ չի վնասվել։ Բայց Իրանը շարունակում է հիմարացնել իր բնակչությանն՝ ասելով, որ նրանք հաջողությամբ հարված են հասցրել Իսրայելին»,- եզրափակել է Յակով Կեդմին։

Հիմա եթերում