Կեղծ «դատավարություն», բոլոր նորմերի լիակատար անտեսում. ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Վագիֆ Խաչատրյանի դատավարության մասին

13 Հոկտեմբերի 2023, 16:51

Քաղաքականություն

Բաքվում կեղծ «դատավարություն» և բոլոր նորմերի լիակատար անտեսում է տեղի ունենում՝ ԿԽՄԿ պաշտպանության ներքո սրտի վիրահատության համար Հայաստան տեղափոխվող և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ անօրինական անցակետում առևանգված ԼՂ 68-ամյա խաղաղ բնակչի նկատմամբ։ Այս մասին թվիթերի իր մկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

«Ապօրինի առևանգումը, որը Մարդու իրավունքների կոպիտ խախտում է, այժմ ուղեկցվում է 68-ամյա քաղաքացիական անձի տառապանքները ցուցադրող տեսանյութերի և լուսանկարների հրապարակմամբ։ Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և հաստատությունների խնդրանքով պետք է ազատ արձակվեն Բաքվում դեռևս պատանդ պահվող ռազմագերիները և քաղաքացիական անձինք», — գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկել է Լաչինի անցակետում ապօրինի ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի կեղծ մեղադրանքների գործով դատական ​​նիստը։