Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի. Բագրատ Սրբազան

09 Հունիսի 2024, 20:05

Քաղաքականություն

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր խոսքը սկսել է մարգարեական տողերով:

«Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարանքով և ասում՝ խաղաղություն է, մինչդեռ խաղաղություն չկար, պիտի ամաչեն, որ պղծության գործեր կատարեցին, սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին։ Այս մարգարեական խոսքերը խորքային իմաստով արտահայտում են մեր իրականությունը, այնպիսի մի իրականություն, որը խաթարել է մեր ներքին անձնական և հավաքական խաղաղությունը՝ վերածվելով անպատվության, քաոսի, ատելության, թշնամության, անապագա անորոշության, բնականաբար, դրանից բխած անսահմանափակ վախերի։

Այն խաթարել է նաև և հատկապես մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով, հատկապես՝ հակառակորդ երկրի հռետորաբանությամբ ու գործողություններով, անընդհատ ստորացնելով ու նվաստացնելով, արտաքին աշխարհի բոլոր կողմերի ու խաղացողների հետ տարերային, ոչ թափանցիկ, անկայուն ու մուրացիկ, մշտապես անհասկանալի հարաբերություններով, որոնք, ցավոք, հանգեցրել են ինքնիշխանության ու պետականության, ինչպես նաև իրավահավասարության կորստին՝ անընդհատ մեր պետության ու ժողովրդի գլխին պահելով պատերազմի սպառնալիքի վտանգը»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Նա անդրադարձել է նաև իշխանության՝ «շուտով պատերազմ կլինի» հայտարարություններին․

«Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի ու մենք ենք իբրև թե նպաստելու դրա վերսկսմանը։ Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել, լավագույն դեպքում, այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման՝ մեր հայրենիքի, պետության կորստով։

Պատերազմը չի ավարտվել։ Այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման ու սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմաանզատում, և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի, այլ հարկադրանքի, պարզապես հողերի հանձնման ներքո այն շարունակվում է հոգևոր, բարոյական, արժեքային, քաղաքակրթական իմաստով, ստի ու կեղծիքի տեսքով, թշնամության ու ատելության քարոզով, սոցիալական անարդարության ու իշխանության հանցավոր անգործության տեսքով, որում գերակա շահը իշխանության աթոռը պահելն է՝ ի գին պետականության կորստի, ինքնության ոչնչացման»,- եզրափակել է Բագրատ Սրբազանը։