«Կեղծ խաղաղության գինը»․ փաստավավերագրական ֆիլմ` հիշողության կորստի դեմ
13 Հունվարի 2025, 21:56
Երևանի Կինոյի տանը հունվարի 11-ին տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում նկարագրվում են 1 դար առաջ՝ 1918թ․ ապրիլի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած դեպքերը՝ Կարսի և Ալեքսանդրապոլի անկումը։
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը նկարելու գաղափարը պրոդյուսեր Հարություն Հարությունյանինն է: Ֆիլմում ներկայացվում են բացառապես պատմական փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է պատահում, երբ հավատում ես խաղաղության կեղծ լոզունգներին:
«Գարնանն ականջիս շշուկներ էին հասել, որ եվրոպական տաբեր ֆոնդերի պատվերով ֆիլմ է նկարահանվում 1918-ից 1921թթ. մասին: Հասկացա, որ այդ ֆիլմն ավելի շատ հայ-թուրքական բարեկամության մասին է, մեր հնարավորությունների սահմանում այդ ժամանակահատվածն ուսումնասիրեցինք և բավականին լուրջ փաստաթղթեր հայտնվեցին մեր ձեռքի տակ, դրանից սցենար ստացանք ու որոշեցինք ֆիլմ նկարել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հարություն Հարությունյանը:
Ֆիլմի հիմնական մեսիջն այն է, որ չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու:
100 տարի անց՝ այսօր էլ, ըստ ֆիլմի գլխավոր պրոդյուսերի՝ պատմությունը կրկնվում է և խաղաղության քողի տակ փորձ արվում վերացնել հայկական պետականությունը, իսկ հայ հասարակությունը դասեր չի քաղում պատմությունից:
«Վերջերս գյումրեցի մի կնոջ պատմում էի, որ էսպիսի բան է եղել, ասաց՝ սուտ եք խոսում, Գյումրիում էդպիսի բան չի եղել: Իսկ Ջարդի ձորում նկարահանումներ անելիս, մարդիկ մոտեցել են, հարցրել, թե ինչ են նկարում, մերոնք պատմել են, նրանք էլ զարմացել են, ասել, թե մենք չգիտեինք: Մենք մեր պատմությունը չգիտենք, դրա համար էլ մեզ ինչ դեղահաբ տալիս են, մենք դա ընդունում ենք»,- ասաց Հարություն Հարությունյանը:
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը նկարվել է Գյումրիում, նկարահանումները տևել են 9 ամիս, օգտագործվել են խաղարկային կադրեր, անիմացիա։ Ֆիլմում ներկայացված պատմական փաստերը հայկական և ռուսական արխիվներից հավաքագրել է Դերենիկ Մալխասյանը։
«Կարսի ու Ալեքսանդրապոլի երկու հանձնում կա՝ 1918 և 1920թթ․։ 1918-ը կարևոր է նրանով, որ այդ ժամանակ ռուսներ չկային, որ հիմա մեղադրում են, թե բոլշևիկները հանձնեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը: Խանգարող ոչ մի բան չկար, ունեինք կազմակերպված զորամիավորումներ ու կարող էինք դիմադրել թուրքերին։ Ուսումնասիրվել են տարբեր հուշագրություններ՝զինվորականների, լրագրողների, հոգևորականների, հասարակ քաղաքացիների, որոնք վկայել են այն մասին, որ հավատացել են թուրքերի հետ խաղաղությանը ու Կարսում, Ալեքսանդրապոլում ստացել մղձավանձ, թալան, կոտորած»,-պատմեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի փաստահավաք հեղինակ Դերենիկ Մալխասյանը:
Ֆիլմի ռեժիսորը Մարիամ Եգորյանն է։ Ըստ նրա՝ ֆիլմը հաջողված կլինի, եթե մարդիկ պատմության հետ առերեսվելով՝ դասեր քաղեն դրանից:
«Հեշտ է ջայլամի քաղաքականություն վարել, ուղղակի չտեսնել, ասել՝ ամեն ինչ լավ է ու անցնել առաջ։ Պետք է ուժ գտնենք մեր մեջ, հիշենք պատմությունը, վերլուծենք մեր քայլերը, ընդունենք մեր սխալներն ու կառուցենք նոր ու ամուր հիմքեր»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը դիտողները զուգահեռներ են անցկացնում այսօրվա և 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների միջև։
«Այս ֆիլմը սթափության կոչ է, այն պետք է բոլորը դիտեն, ու ոչ թե նրա համար, որ տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել 1918-ին, այլ հետևություններ անեն»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Գայանե Մելքումյանը:
Վահագն Մելիքյանն էլ շարունակեց.
«Այնպիսի տպավորություն է, որ հասարակության լուրջ զանգվածը տառապում է հիշողության կորստով: Խնդրեմ, այս ֆիլմը փոքր դրվագ է մեր պատմական կյանքից, որտեղ դետալային ճշգրտությամբ ներկայացվում են փաստերը»:
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմն առաջիկայում կցուցադրվի Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, ապա՝ Հայաստանում։