ԿԳՄՍՆ-ն կասեցրել Է Ռուսաստանի կողմից նվիրաբերված ռուսերեն դասագրքերի բաժանումը դպրոցներին
16 Նոյեմբերի 2023, 16:55
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է Ռուսաստանի կողմից նվիրաբերված ռուսերեն դասագրքերի բաշխումը դպրոցներին՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Նա նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքներով, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել ավելի քան 50 հազար դասագրքեր ձեռք բերելու և հետագայում ռուսերեն ուսուցմամբ Հայաստանի դպրոցներին անհատույց տրամադրելու համար:
«Դասագրքերը նոյեմբերի 11-ին բերվել են Հայաստան, և սկսվել է դրանց բաշխումը դպրոցներում, որտեղ շատ պահանջված են։ Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այդ գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով: Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկը։
Շատ ցավալի է, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջին հերթին տուժում են մեզ համար եղբայրական հայ ժողովրդի հասարակ տղաներն ու աղջիկները։
Մեր պատվիրակությունը Բիշքեկում այդ հարցը բարձրացրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի առաջ։ Հուսով ենք, որ բոլոր խոչընդոտները կվերացվեն մոտ ապագայում», — գրել է Վորոբյովը ։