Կգործակցենք մաքուր հետագիծ ունեցող նոր քաղաքական ուժերի հետ. Ավետիք Չալաբյան
20 Փետրվարի 2026, 21:35
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը փետրվարի 18-ին հայտարարեց 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Քաղաքական այս միավորը նախապատվությունը տալիս է ընտրություններին մասնակցել գաղափարակից այլ ուժերի հետ՝ միասնական ճակատով: Նրանք հրամայական են համարում խոշոր գաղափարական դաշինքներով մասնակցությունը՝ Փաշինյանի իշխանության վերարտադրումը թույլ չտալու համար:
Ընտրություններին մասնակցության ձևաչափի, ընդդիմադիր այլ ուժերի հետ գործակցության, ինչպես նաև Փաշինյանի ուժին այլընտրանք լինելու և «ՀայաՔվե»-ի ծրագրերի, առաջնահերթությունների շուրջ Alpha News-ը զրուցել է «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի հետ:
Չալաբյանը նշել է, որ չեն ցանկանում տեսնել 2021-ի կրկնությունը, երբ ընտրություններին մասնակցած 20% քաղաքացիների ձայները փոշիացան՝ հօգուտ իշխանության:
«Այլևս թույլ չպետք է տալ, որ ժողովրդի ձայների փոշիացում տեղի ունենա: Պետք է մասնակցել խոշոր դաշինքներով, այնպես որ ամեն խոշոր ընտրական սեգմենտ ունենա մեկ ակնհայտ կամ ավելի ընտրություն: Մարդիկ պետք է հասկանան, որ սա է ուժի կենտրոնը և իրենց համար ավելի հեշտ լինի ընտրություն կատարելը: Քաղաքացիներին չպետք է ստիպենք արհեստական ընտրություն կատարել, եթե գաղափարական դաշտում մենք մոտ ենք, տարաձայնությունները պետք է հաղթահարել, գալ ընդհանուր հայտարարի և մարդկանց միասնական ընտրության հնարավորություն տալ»,- ասել է Ավետիք Չալաբյանը:
«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը բացառում է գործակցությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նրա արբանյակ ուժերի հետ:
Ավետիք Չալաբյանը չի ասել, թե որ ուժերի հետ են բանակցում ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու շուրջ: Բայց ընդգծել է, որ կգործակցեն նոր քաղաքական ուժերի հետ:
«Մեր համագործակցության դաշտը այն նոր առաջացած ուժերն են, որոնք ունեն մաքուր հետագիծ, ազգային բնույթ և չունեն ընդգծված գործակցություն նախկին կամ գործող վարչակարգի հետ»,- ասել է Ավետիք Չալաբյանը:
Անդրադառնալով իշխանական պատգամավորների հայտարարությանը, թե «Գյումրի-2 օպերացիա» չի լինելու հունիսի 7-ին նշանակված ընտրություններում, Չալաբյանը նշել է.
«Ի՞նչ գիտեք, որ Գյումրի 2 չի լինելու, արգելելո՞ւ եք, կրակելո՞ւ եք մարդկանց վրա, ի՞նչ եք անելու, քաղաքական ուժերին հանելո՞ւ եք ընտրություններից: Եթե մեզ հանեք ընտրություններից, նույն օրը մեր ձայները կտանք մեկ այլ ընդդիմադիր թևի, որպեսզի մի ձայն էլ չկորի»: