Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն

07 Մայիսի 2024, 19:30

Մշակույթ

Դիզայներ Khosrov-ը ներկայացրել է հայկական հավաքածուն, որում ներառված են բացառապես հայկական դրոշի գույներով իրեր։

«Այս գույներն այնքան հոգեհարազատ են մեր սրտին։ Նրանք մարմնավորում են մեր լեռնաշխարհը, մեր կամքը, ստեղծագործությունն ու մեր ժողովրդի տոկունությունը… տպագրությունները վերցված են հայկական ձեռագրերից, իսկ որոշ ուրվանկարներ՝ ազգային հագուստից», — կիսվել է դիզայները։

Նա նաև նշել է, որ ցանկանում էր այդ կապսուլային հավաքածուն ներկայացնել հենց հիմա, երբ ամբողջ աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության զոհերին:

«Ինձ համար՝ որպես հայ դիզայների, կարևոր է ոչ միայն խոսել իմ մշակույթի մասին, այլև այն ներառել իմ աշխատանքներում։ 1915 թվականի ցեղասպանությունը խլեց 1,5 միլիոն կյանք։ Այս ողբերգությունը վաղեմության ժամկետ չունի։ Նրա արձագանքներն այսօր էլ զգացվում են, դրա հաստատումն էթնիկ զտումն է և 2023 թվականին Արցախի կորուստը», — նշել է դիզայները։

Դիզայներ Խոսրով Մելքոնյանը ծնվել և մեծացել է Լոս Անջելեսում, սովորել է Բրիտանիայում և Իտալիայում, սակայն ողջ կյանքի ընթացքում ոգեշնչվել է հայկական ժառանգությունից, ինչն էլ դարձել է նրա Khosrov ապրանքանիշի այցեքարտը: