Կիպրահայ համայնքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի պաշտոնյաներին․ Վահան Այնեճյան
11 Հունվարի 2024, 22:21
Հունվարի 27-28-ին Եվրոպայի 53 քաղաքներում նախատեսում ենք ցույցեր անցկացնել՝ Բաքվում պահվող Արցախի նախկին նախարարներին և մյուս գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։ Կիպրոսը ևս միանում է այդ ակցիաներին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց կիպրահայ համայնքի Երեսփոխանական ժողովի նախագահ Վահան Այնեճյանը։
«Նիկոսիա ու Լիմասոլ քաղաքներում այդ օրերին տեղի կունենան ցույցեր։ Մենք պահանջելու ենք ազատ արձակել բոլոր գերիներին և անվտանգ կերպով ապահով արցախցիների վերադարձը իրենց պատմական հողեր։ Ակցիաներին միայն հայ համայնքը չէ որ մասնակցում է, դրանց կարող են մասնակցել հունական կազմակերպություններն ու կուսակցությունները։ Նախկինում նրանք էլի մասնակցել են ի աջակցություն Արցախի կազմակերպված ցույցերին, ղեկավարներն ու առաջնորդները ելույթներ են ունեցել՝ ի նպաստ Արցախի»,- ասաց Այնեճյանը։
Նա ընդգծեց՝ ցույցերը մեկ նպատակ ունեն՝ ցույց տալ, որ եվրոպահայությունը արցախահայերի կողքին է և պայքարելու է նրանց իրավունքների համար։
«Այս ցույցերի նպատակն այն է, որ աշխարհը տեսնի՝ հայկական սփյուռքը շարունակում է պայքարը, մենք ուզում ենք եվրոպահայության ձայնը լսելի դարձնել Եվրոպական միության բարձրագույն մարմինների մոտ և ցույց տալ, որ եվրոպահայությունը արցախահայերի կողքին է և պայքարելու է նրանց իրավունքների համար»,- նշեց Այնեճյանը։
Նա վստահեցրեց, որ Կիպրոսի հայ համայնքի պահանջը հստակ է՝ Արցախից բռնի տեղահանվածները պետք է անվտանգ կերպով վերադառնան իրենց տները։
«Մենք «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ներկայացրել ենք նաև Կիպրոսի ԱԳ նախարարությանը և նրանք ի նպաստ Արցախի հայտարարություններ արեցին։ Կիպրոսի հայ համայնքի պահանջը հստակ է՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է անվտանգ կերպով վերադառնան իրենց տները։ Դա արցախահայերի անվիճելի իրավունքն է։
Առաջին իսկ օրվանից մեր համայնքը աշխատանքի է անցել բռնի տեղահանված արցախցիներին օգնելու համար։ Մենք դրամահավաք ենք կազմակերպել և որոշել ենք, որ գումարը պետք է փոխանցվի արցախցիներին։ Դրա համար մենք կդիմենք Հայաստանում գործող որոշ կազմակերպությունների և նրանց միջոցով կփոխանցենք գումարը»,- եզրափակեց Այնեճյանը։