Կիրակնօրյա դպրոցի ծրագրի առանցքն Աստվածաշունչն է

05 Հունիսի 2023, 15:25

Հայեր

Վաչագան քահանա Գյուրջյանը Կիրակնօրյա դպրոցների պատասխանատուներից է: Ինքն էլ ժամանակին հաճախել է Կիրակնօրյա դպրոց, որտեղ էլ լսել էր Աստծո Խոսքը, գրում է Artsakhtert.am-ը:

«Կիրակնօրյաների նախադեպն Արցախի թեմում եղել է: Բայց գործել են հատվածաբար, տեղում՝ քահանայի նախաձեռնությամբ ու միջոցներով: Հիմա առաջին անգամ է, որ Արցախի թեմի կողմից համակարգված կազմակերպվել է կիրակնօրյա դպրոց: Ամեն տեղ ծրագիրը նույնն է: Նախաձեռնության առաջին օրերից էլ զգացվեց, որ պահանջը մեծ է»,- նշում է քահանան:

Կիրակնօրյա դպրոցները գործում են 39 համայնքում՝ Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Վանքում, Քոլատակում, Ծմակահողում, Շահմասուրում, Ճարտարում, Շոշում, Կարմիր շուկայում և այլ համայնքներում:

Բոլոր գործող կիրակնօրյաները համալրված են մանկավարժներով:

«Առաջիկայում նախատեսում ենք ավելի շատ մանկավարժներ ընդգրկել: Նրանք հիմնականում եկեղեցի պարբերաբար հաճախող մարդիկ են: Անցկացրել ենք վերապատրաստման դասընթացներ և հետո սկսել ենք աշխատել:

Ծրագրով տարին երկու անգամ վերապատրաստումներ էին լինում, բայց շրջափակման պատճառով առաջիկայում դեռ չեն նախատեսվում, քանի որ վերապատրաստող մասնագետները Հայաստանի Հանրապետությունից պիտի գան:

Ծրագիրը պարզ է կառուցված, այնպես, որ եթե մարդը Աստծուն մոտ է և ցանկություն ունի Աստծո Խոսքը երեխաներին ներկայացնելու, ապա կարող է հեշտությամբ նյութը մատուցել: Կարևորը երեխաների հետ աշխատելու սերն է»,- ավելացնում է հոգևոր Հայրը:

Խոսելով ծրագրի մասին, նա  կարևորում է.

«Ծրագրի առանցքն Աստվածաշնչի ուսուցումն է: Սկսած Հին և Նոր Կտակարաններից, վերջացրած եկեղեցական կարևոր տոների մասին պատմություններով: Հենց սկզբից էլ մանկավարժներին ուղղորդել ենք օգտագործել ինտերակտիվ մեթոդներ:

Դասավանդման եղանակը ճկուն է, ուսուցիչներն իրենք են որոշում թեմայի մատուցման ձևը: Մանկավարժներից ամեն մեկը յուրովի կարողանում է թեման հետաքրքիր մատուցել»:

Խնդիր չէ՞, արդյոք, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ համատեղ դասերը վարելը հարցին՝ քահանան պատասխանում է. «Մեր ընտրած տարիքային խումբը 8-12 տարեկան է: Դա այն շրջանն է, երբ երեխան բազմաթիվ հարցեր ունի ու պատասխաններ է փնտրում: Այդ խնդրին չենք բախվել: Ընդհակառակը, նրանք մեկը մյուսին լրացնում են, երբեմն փոքրերն այնպիսի խորիմաստ հարցեր են տալիս, որ զարմանում ենք»:

Ստեփանակերտի Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սոֆի Բաբայանը երեխաների տարիքային տարբերության մասին ասում է, որ եթե 8 տարեկան երեխայի հետ պետք է շատ կարճ, հեքիաթանման պատմվի դասը, ավելի շատ գործնականին ուշադրություն դարձվի, ապա 11-13 տարեկանների հետ պահանջվում է այլ մոտեցում:

Նրանք ավելի շատ հոգևոր գիտելիքներ են փափագում ստանալ, ավելի լուրջ հարցեր են բարձրացնում և, երբ սկսում են նրանց հետ աշխատել, կրտսերները ձանձրանում են: Բացի այդ, ամենամեծ խնդիրներից է առանձին դասասենյակների բացակայությունը, ստիպված են դպրոցներում անցկացնել դասերը:«Եթե ունենայինք հատուկ դասասենյակներ, կարելի էր հաճախակի կազմակերպել նաև հանդիպումներ ծնողների հետ, մուլտֆիլմեր ու ֆիլմեր դիտել, միասին ուտելու ինչ-որ բան պատրաստել»,-նշում է ուսուցչուհին:  Սոֆի Բաբայանը կարևորում է.

«Մեր ժամանակներում, երբ այսքան շատացել է հոգեորսությունը, կարևոր եմ համարում երեխաներին  ուղղափառ հավատքի ու ճշմարիտ քրիստոնեական դավանության հիմքի վրա հաստատելը: Եթե նրանք փոքր տարիքից պատրաստված լինեն, զինված անհրաժեշտ գիտելիքներով, նրանց դժվար կլինի շեղել ճշմարիտ ճանապարհից:

Կիրակնօրյա դպրոցում, բացի Աստվածաշնչյան գիտելիքների և եկեղեցու սրբազան ավանդության մատուցման, ձգտում ենք երեխաների մեջ  սերմանել  այս կամ այն պարագաներում քրիստոնեավայել արձագանքելու սովորությունն ու մշակույթը:

Հոգևոր դասը ամրապնդում ենք ձեռքի աշխատանքներով ու խաղերով: Ծնողների վկայությամբ երեխաները մեծ հաճույքով են հաճախում կիրակնօրյա դասերին, ոմանք էլ հաստատում են,  որ երեխաների վարքը դրականորեն փոխվել է:

Շատերը սկսել են պարտադիր աղոթել, կարդալ Աստվածաշունչ, դասընկերների և ընտանիքի անդամների  հետ խոսել հավատքից: Երեխաներից ես ինքս կարևոր դասեր եմ քաղում, թե ինչպիսին պետք է լինի իսկական քրիստոնյան: Այնպես որ, ոչ միայն մենք ենք դասավանդում, այլև նրանք՝ մեզ»:

Ապագայի ծրագրերի մասին խոսելիս, Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը հույսով է.

«Երեխաների համար նախատեսված է, որ երեք տարի պիտի անցնեն այդ դասընթացները, հետո փորձելու ենք նրանց պահել եկեղեցում:

Նախատեսվում են ամառային ճամբարներ: Անցած ամառ 200-ից ավելի երեխա գնացել են Վանաձորի «Ծիծեռնակ» ճամբար, որը շատ արդյունավետ էր, և մինչև հիմա երեխաները տպավորված են ու երազում են նորից գնալ: Մենք ծրագրում ենք Արցախում ճամբար կազմակերպել, առաջ Աստված: Եթե իրավիճակը թույլ տա կարող ենք կազմակերպել ճամբարներ:

Ծրագրի պարտադիր մաս են կազմում ամառային ուխտագնացությունները:  Կիրակնօրյաների բոլոր երեխաներին պետք է հավաքենք Ամարասում կամ Գանձասարում և կազմակերպենք ամառային ուխտագնացություններ:

Նախատեսում ենք ինտելեկտուալ խաղեր: Նկարչական մրցույթ Սուրբ Հարության տոնին ենք իրականացրել, երբ ամեն մի կիրակնօրյա դպրոց ինչ-որ կոմպոզիցիա է պատրաստել ու ներկայացրել Սուրբ Աստվածածին Առաջնորդանիստ եկեղեցու բակում: Երեխաները շատ ոգևորվում են, երբ ինչ-որ մրցույթի պիտի մասնակցեն:

Ցանկությունս է, որ մեր երեխաները ավելի շատ սկսեն աղոթել, քանի որ նրանք անմեղ են և նրանց աղոթքները Աստծուն ավելի շուտ են հասնում»:

Հիմա եթերում