Կիրանցի գերեզմանոցից երևում է սահմանազատված հատվածում տեղադրված ադրբեջանական դրոշը. Գոհար Վարդանյան

28 Մայիսի 2024, 21:15

Կարծիք

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները սահմանազատված հատվածում ադրբեջանական դրոշ են նկատել:

«Դրոշը տեղադրվել է մեկ կամ երկու օր առաջ: Դրոշը երեւում է գյուղի դիմացից ու գերեզմանոցի տարածքից: Իմ տպավորությամբ ադրբեջանական դրոշը գերեզմանոցից 200 մ հեռավորության վրա է: Այդ տարածքից նաեւ ադրբեջանցի սահմանապահներն են երեւում, նրանք դրոշից ավելի մոտ են մեզ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Գոհար Վարդանյանը:

Կիրանց գյուղի տարածքում սահմանազատման գործընթացը դեռ չի ավարտվել: Թեեւ գյուղի այն երկու տների հատվածում, որտեղ այդ գործընթացը չի իրականացվել, ըստ Գոհարի՝ բնակիչներն իրերն են հավաքում:

«Սկզբում ասվում էր, որ մինչեւ հուլիսի 24-ը ժամանակ կա, բայց ինչպես հասկացա հորդորել են որքան հնարավոր է շուտ հավաքվել: Այն հատվածում, որը դեռ չի սահմանազատվել նաեւ երկու վագոն խանութ կա, բայց մարդկանց հիմա չեն թողնում գնալ այդ տարածք: Հնարավոր է, որ վաղն էլ գան ու էդ մարդկանցից պահանջեն դուրս գալ իրենց տներից: Ինձ թվում է, որ դա միայն մեզնից չէ կախված, այլ նաեւ Ադրբեջանից, թե որքան թույլ կտան մնալ, որովհետեւ այս պահին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից մոտ 800 մ, որն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, շարունակում ենք դեռ օգտվել: Գյուղ մտնող կամուրջի հատվածում ոստիկանները մարդկանց զգուշացնում են արագ անցնել: Իմ տեղեկություններով գյուղի 50-ից ավելի սեփականաշնորհված հողակտոր սահմանազատման հետեւանքով անցնելու է Ադրբեջանին»,- ասաց կիրանցի Գոհար Վարդանյանը: