Կիրանցին քանդում է իր տունը, որը շուտով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ. Կամո Շահինյան
04 Հունիսի 2024, 19:35
Կիրանց գյուղի բնակիչ Մհեր Սիմոնյանը, որի տունն ու հողամասը շուտով անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, քանդում է իր սեփական տունը: Այս մասին Аlpha News-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը:
«Երկու ընտանիք կա, որոնց տներն անցնելու են ադրբեջանական կողմը: Մի ընտանիքը քանդում է իր տունը, մյուսն էլ իրերն է հավաքում: Դե որ անցնի նրանց վերահսկողության ներքո, մեկ է՝ քանդվելու է էլի: Ինչքան գիտեմ ադրբեջանական կողմը մինչեւ հուլիսի 24-ը ներքեւ՝ մեր գյուղ չի իջնելու, վերեւում են հիմա կանգնել, մինչեւ որ այլընտրանքային ճանապարհը սարքվի՝ նոր իջնեն»,- ասաց Կամո Շահինյանը:
Կիրանցի վարչական ղեկավարը դժվարացավ այս փուլում ասել՝ տները կորցնող ընտանիքները փոխհատուցում երբ կստանան:
«Ես չգիտեմ, նման հարցերը Կառավարությանն ուղղեք, ես ընդամենը վարչական ղեկավար եմ: Դուք էլ տեսաք, որ պատերազմ արեցինք, որ մեր տները չանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց ջարդելով եղավ»,- նշեց Կամո Շահինյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու Կիրանց գյուղ մտնող ճանապարհը (կամուրջը), գյուղից երկու բնակելի տուն, մեքենայի վերանորոգման մեկ կետ ու երկու վագոն-խանութ: Կառավարությունը այլընտրանքային ճանապարհի՝ Կիրանց-Աճարկուտ հատվածի կառուցմամբ է հիմա զբաղված: Հայտարարվել է, որ ճանապարհը շահագործման կհանձնվի 2 ամսից: