Կմասնատվի՞ Իրանը. հնարավոր սցենարներ, տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն. Մելքոնյանը իրավիճակի մասին
23 Փետրվարի 2026, 20:00
Alpha News-ի հետ զրույցում արևելագետ Սերգեյ Մելքոնյանն, անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքին և հնարավոր ռազմական էսկալացիային, նշել է, որ գործընթացում արդեն նկատվում է փուլային առաջընթաց։
Նրա խոսքով՝ սխալ է պնդել, թե բանակցություններն արդյունք չեն տվել։
«Առաջին փուլում կողմերը քննարկել են բանակցությունների սկզբունքները, երկրորդում՝ մոտեցումները, իսկ նախատեսվող երրորդ հանդիպման ընթացքում իրանական կողմը պետք է ներկայացնի բուն պայմանագրի շուրջ իր տեսլականը, որպեսզի նախկինում ձևավորված մոտեցումներն ամրագրվեն փաստաթղթային տեսքով և հնարավոր լինի անցնել ավելի շոշափելի հարցերի քննարկմանը»,- նշել է Մելքոնյանը։
Փորձագետը հիշեցրել է, որ բանակցությունների սկզբնական փուլերում կողմերի միջև առկա էին լուրջ տարաձայնություններ հատկապես այն հարցում, թե ինչ թեմաներ պետք է ներառվեն օրակարգում։ Դրանք վերաբերում էին օրակարգի ձևավորմանը՝ մասնավորապես միջուկային ծրագրին, բալիստիկ հրթիռների զարգացմանը և տարածաշրջանում «պրոքսի» ուժերի գործունեությանը։
«ԱՄՆ-ը որոշ ուղղություններով նաև նվազեցնում է իր ներկայությունը, մասնավորապես՝ Սիրիայում, որտեղ իրանական ուժերի հասանելիությունը մեծ է»,- նշել է փորձագետը:
Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ այս քայլը կարող է վկայել հնարավոր կորուստների նվազեցման և ռազմական սցենարին նախապատրաստվելու մասին։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ ուժի ցուցադրությունը չի սահմանափակվում միայն ռազմական նպատակներով։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կիրառում է նաև ճնշման երկու հիմնական գործիք․ առաջինը՝ ռազմական ներկայության մեծացումն է, երկրորդը՝ տեղեկատվական և հոգեբանական ճնշումը։