Կոչ ենք անում ՄԱԿ-ի ԱԽ-ին պատշաճ արձագանքել իրավիճակին. Արցախի ԱԳՆ
12 Օգոստոսի 2023, 21:25
ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտակարգ նիստ գումարելու կոչով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ կառավարության դիմումի վերաբերյալ:
«Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումը դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Լաչինի միջանցքի ավելի քան ութ ամիս շարունակվող անօրինական արգելափակման և Արցախի անմարդկային պաշարման հետևանքով ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը քննարկման դնելու խնդրանքով:
Այս կապակցությամբ կարևոր ենք համարում ընդգծել, որ օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահը դիմել է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ ներգրավվածությունը և համապատասխան հրատապ որոշումների ընդունումը համարում ենք կարևորագույն գործոն, որը կարող է վերջ դնել Ադրբեջանի կողմից Արցախում մարդու իրավունքների զանգվածային կոպիտ խախտումներին և դադարեցնել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ու համակարգված ձևով իրականացվող ակնհայտ ցեղասպան քաղաքականությունը:
Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումն ապահովելու հիմնական պատասխանատվությունը, պատշաճ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին և կայացնել որոշում Լաչինի միջանցքի ամբողջական, անհետաձգելի և անվերապահ ապարգելափակմանն ուղղված անհրաժեշտ, հրատապ և արդյունավետ միջոցների իրականացման մասին»,- ասվում է հայտարարությունում։